Կասկածներ կան, թե արդյոք Բաքուն հետաքրքրված է...

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ բանակցությունների ձևաչափի մշտական փոփոխությունների փորձերը հայկական կողմում կասկածներ են հարուցում, թե արդյոք Բաքուն ընդհանրապես հետաքրքրված է խաղաղության գործընթացն ավարտին հասցնելով:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Բաքուն արդյո՞ք չի հրաժարվում  արևմտյան ձևաչափից. հայտարարել էին նաև, որ պատրաստ են բանակցություններ վարել Վրաստանում:

«Ըստ էության, ձևաչափերի մշտական փոփոխությունը մեզ մոտ լրջագույն կասկածներ է հարուցում, թե արդյոք պաշտոնական Բաքուն ընդհանրապես հետաքրքրված է խաղաղության գործընթացն ավարտին հասցնելով, թե՞ իրենք ուղղակի մի ձևաչափից մյուսն են փորձում անցնել և այդպես կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերումից խուսափել»,-ասաց Կոստանյանը:

Ինչ վերաբերում է Թբիլիսիում հանդիպում անցկացնելու վերաբերյալ հարցին, փոխնախարարը վստահեցրեց, որ այս պահին նման պայմանավորվածություն չկա:

Հայկական կողմը պատրաստ է Բրյուսելում հոկտեմբերին վերջին նախատեսվող հանդիպմանը մասնակցել:

Ըստ Կոստանյանի՝ Հայաստանը ցանկություն ունի կարգավորել հարաբերությունները հարևանների հետ: Իսկ արևմտյա՞ն, թե՞ ռուսական հարթակներում հարցին Կոստանյանը պատասխանեց, որ հարթակն ինքնանպատակ չի կարող լինել:

«Մեզ համար կարևոր է, որ մենք կարողանանք կարգավորվել հարաբերությունները: Եվ այդ կարգավորումից հետո ձեռք բերված և գրավոր ամրագրված պայմանավորվածությունները հարգվեն, և գործընկերները երաշխավորեն, որ ադրբեջանական կողմը չի խախտի»,-նշեց նա:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելըը ամսվա սկզբին Գրանադայում հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է Բրյուսել, և երկու ղեկավարներն էլ համաձայնել են գնալ այդ հանդիպմանը:

Հոկտեմբերի 5-ին Շառլ Միշելը, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնն ու Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպում էին ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել այդ բանակցություններին։