Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գրեգորիան» ՍՊԸ-ին պատկանող գինու արտադրամասի արտադրական գործունեությունը (Արմավիրի մարզ, գ. Մերձավան):
Հիմքը Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների ստուգման արձանագրությունն է, համաձայն որի՝
արտադրական շինության կառուցվածքը և դասավորվածությունը չեն բացառել գինու արտադրության գործընթացում աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
չի բացառվել կենդանիների, կրծողների, միջատների ներթափանցումը արտադրական տարածք,
չեն ապահովվել պաշտպանությունը կեղտի կուտակումներից, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից,
գինու արտադրական պրոցեսի սկզբնական ընթացքը, մասնավորապես՝ մզվածքի պատրաստման գործընթացը, իրականացվում է արտադրական շինությունից դուրս, բաց երկնքի տակ, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը,
գինու հասունացման սենյակի, պատրաստի արտադրանքի պահեստային հատվածի առաստաղները վնասված են եղել, պատերի մակերևույթները
պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղների վրա եղել են կեղտի կուտակումներ,
արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել, հումքի հասունացման համար նախատեսված որոշ տարաներ կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել բարվոք վիճակում:
Վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:



