ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ժ.Շ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր թաքցնելու և կանխամտածված սնանկության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ժ.Շ.-ն Երևանի երկու հասցեներում իրականացրել է բազմաբնակարան շենքերի կառուցապատում, սակայն բնակարանների և ավտոկայանատեղիների օտարումից առաջացող եկամտային հարկը չվճարելու նպատակով նշված հասցեներում առկա անշարժ գույքը ձևակերպել է ինչպես իր հետ բարեկամական կապի մեջ գտնվող, այնպես էլ իրական բնակարաններ ձեռք բերող անձանց անվամբ՝ որպես բաժնային սեփականություն։
Այնուհետև, Ժ.Շ.-ն 2018-2025 թվականների ընթացքում հիշյալ հասցեներում կառուցված շենքերի բնակարանները և ավտոկայանատեղիները վաճառել է տարբեր անձանց և որպես անշարժ գույքի գնման երաշխիք՝ գնորդներին է փոխանցել նշված գույքի սկզբնական բաժնեմասային սեփականատերերի բաժնեմասերը:
Արդյունքում, վերջինս խուսափել է 419 մլն 57 հզր 820 ՀՀ դրամի եկամտային հարկ վճարելուց՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Միաժամանակ, Ժ.Շ.-ն իր ունեցած պարտավորությունների կատարումից խուսափելու դիտավորությամբ՝ թաքցրել է Երևանի երկու հասցեներում կառուցված շենքերից բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու և շահույթ ստանալու հանգամանքը, այդ կերպ կանխամտածված կերպով անվճարունակության հատկանիշներ է ստեղծել և 2021 թվականի հունվարի 25-ին դատարանի որոշման հիման վրա սնանկ է ճանաչվել՝ զրկելով պարտատերերին իրենց ունեցած գույքային պահանջները բավարարելու իրական հնարավորությունից:
Ժ.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) և 288-րդ հոդվածի 1-ին մասով (կանխամտածված սնանկությունը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



