Կարմիր Կատար լեռը ներառվել է բնության հուշարձ...

Կառավարության հոկտեմբերի 21-ի նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որի մշակման նպատակը Թառ կամ հանրության մոտ առավել հայտնի՝ Կարմիր Կատար հրաբխի ներառումն է բնության հուշարձանների ցանկում:

«Այն հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղարքունիքի մարզի, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն' 3530.0մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ. տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ: Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից, պեմզաներից: Այն ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր»,- հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռվում ապահովել որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ բնության հուշարձանի պահպանությունը, պաշտպանությունն ու իրավական կարգավիճակը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք։