Կարգելվի ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բով...

Հայաստանի Ազգային ժողովում քննարկման ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումների մասին նախագծով առաջարկվում է արգելել տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվությունն ու օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու բովանդակության տարածումը։ Oրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Նախագիծը լրամշակվել է Արդարադատության նախարարության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործընկերների հետ գործակցության արդյունքում։ Մասնավորապես, որոշում է կայացվել, որ նախագծով կարգավորող պետական մարմնին կլիազորվի սահմանելու համապատասխան չափորոշիչներ, օրինակ, պատերազմի կոչեր պարունակող տեղեկությունների, ինչպես նաև ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման դեպքերում»,-ներկայացրեց Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվող փոփոխություններից և լրացումների համաձայն կհստակեցվեն տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերը։ Մասնավորապես՝ կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը, ցանցային օպերատորների նկատմամբ հստակ կսահմանվեն լիցենզիայի կասեցման, դադարեցման հիմքերը և կիրառման մեխանիզմները, կնախատեսվի տուգանք ցանցային օպերատորի կողմից օրենքի խախտման գործունեություն իրականացնելու համար։