
Հայաստանի և Սլովենիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ընթանում է բավականին ինտենսիվ և հարուստ բովանդակությամբ, և Երևանը կարևորում է Լյուբլյանայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են առաջին հերթին ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա։
Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Վերջինս, ողջունելով սլովենական պատվիրակությանը Հայաստանում, նշեց, որ Տանյա Ֆայոնի հետ հանդիպումը շատ լավ հնարավորություն է՝ զարգացնելու երկկողմ համագործակցությունը։
«Մենք այսօր բավականին համակողմանի, համապարփակ քննարկում ենք ունեցել և՛ երկկողմ օրակարգի վերաբերյալ, և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային գործընթացների վերաբերյալ, որից կուզեի մի քանի բան առանձնացնել։ Նախ կնշեմ Հայաստանի և Սլովենիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, որն ընթանում է բավականին ինտենսիվ և հարուստ բովանդակությամբ։ Մենք կարևորում ենք Սլովենիայի հետ մեր բարեկամական հարաբերությունները։ Դրանք հիմնված են առաջին հերթին համատեղ ընդհանուր արժեքների վրա և, իհարկե, նաև փոխադարձ շահերի վրա»,-իր խոսքում նշեց Միրզոյանը։
Վերջինիս բնորոշմամբ՝ կողմերի միջև վերջին տարիներին տեղի ունեցած այցելությունները հայ-սլովենական երկխոսությանը բավականին հետաքրքիր դինամիկա ենք հաղորդել։
«Մենք այսօր խոսել ենք այնպիսի ոլորտների մասին, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարարական գյուղատնտեսությունը, կրթությունը, զբոսաշրջությունը, կանաչ էներգիան, դեղագործությունը, բազմաթիվ այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ։ Իհարկե, կարևոր թիրախ է առևտրաշրջանառության ծավալների մեծացումը, և այս առումով մենք խոսել ենք նաև այն համագործակցության մասին, որը կա, բայց պետք է ավելի ընդլայնվի»,-շեշտեց Հայաստանի ԱԳ նախարարը։
Արարատ Միրզոյանը հավելեց, որ բարձր է գնահատում նաև Սլովենիայի հետ համագործակցությունը հումանիտար հարցերում։
«Այս համատեքստում ուզում եմ հրապարակավ շնորհակալություն հայտնել Սլովենիային Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և կանանց համար իրականացվող շարունակական ծրագրերի համար։ Ցանկանում եմ ընդգծել, որ մենք կարևորում ենք Սլովենիայի հետ հարաբերությունները ոչ միայն քիչ առաջ նշած երկկողմ համատեքստում, այլև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության համատեքստում»,-նշեց Միրզոյանը։
Նախարարը նաև կարևորեց Հայաստանի ու Սլովենիայի միջև համագործակցությունը միջազգային հարթակներում՝ մասնավորապես Միավորված ազգերի կազմակերպությունում։