Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրեցեսների մեջ, սա ես բացառում եմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով գեներալ Կարեն Շաքարյանի՝ Փաշինյանի կազմակերպած «ուխտերթին» մասնակցությանը։
«Այն, ինչ արձանագրվել է, եղել է ոչ աշխատանքային օրը, ոչ քաղաքական միջոցառմանը մարդու մասնակցության ցանկության մասին է։ Պատկերացնո՞ւմ եք, եթե Պաշտպանության նախարարը խրախուսի, որ ԶՈւ-ն ինչ որ բանի մասնակցեն, այդ ժամանակ դուք 1-2-3 հոգու մասնակցությունը կարձանագրե՞ք, թե՞ կարձանագրեք 1000-10 000-ավոր մարդկանց։ Նկատի ունեմ՝ կարծում եմ ճիշտ չի մտնել մի շահարկման մեջ, որը իրականության հետ աղերս չունի»։
Անդրադառնալով, Արցախի նախագահի կողմից Կարեն Շաքարյանին Արցախի հերոսի կոչումից զրկելուն՝ Պապիկյանն ասաց. «Ինչ մնում է ինչ -որ ինստիտուտի կողմից որոշումներ ընդունելուն՝ ես նման ինստիտուտ չեմ ճանաչում, և բացառում եմ, որ ՀՀ-ում օրինական կառավարությունից զատ կարող է որևէ այլ մարմին լինել ու գործել։ Ինչ որ մտացածին, առ ոչինչ, գուցե վիրտուալ մարդիկ վիրտուալ որոշումներով լցնում են դաշտը, դուք էլ օգնում եք, որ դրանք տարածվեն։
Կարեն Շաքարյանն այն մարդն է, ում հետ ծառայած զինծառայողները կարող են ասել, որ Շաքարյանը մշտապես ծառայել է ՀՀ-ին և կոչումների արժանացել է հիմնականում հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Հիմա փորձում են կոչումներից զրկել, անվանարկել մարդկանց, ովքեր իրենց արյան գնով, տասնյակ տարիների ծառայության արդյունքում ստացել են շնորհներ, Կարեն Շաքարյանը այսօր էլ հանդիսանում է ԶՈւ պատվախնդիր սպա և ծառայում է ՀՀ-ին»։



