Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային...

Արդյոք մենք մեր ունեցած ֆինանսական միջոցները կարողանում ենք արդյունավետ ծախսել, օրինակ «Շողակաթ» ալիքը, որը պետք է իրականացներ հոգևոր-մշակութային  հեռարձակում, բավականին միատարր հեռուստաընկերություն է, որը միայն ներկայացնում է  ՀԱԵ-ին: Այս մասին 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ասաց իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

«Չեմ կարող ասել, որ այն բազմատարր, մշակութային ալիք է, որը կարող է ներգրավվել ավելի շատ հեռուստադիտողների: Ֆինանսների արդյունավետության տեսանկյունից գուցե վերաբաշխումների կարի՞ք կա, մտածե՞լ եք այս ուղղությամբ: Պետությունը հանրային գումար է տալիս մի ալիքի, որը ընդհանրապես չի արդարացնում ինքն իրեն: Կա բյուջե, որը կարելի է ավելի արդյունավետ տեղում  ներդրում անել, օրինակ՝ Հանրային ռադիոյում, որը ավելի արդյունավետ կաշխատի այս ալիքի գումարով»,- ասաց պատգամավորը:

Արձագանքելով՝ Արա Շիրինյանն ասաց. «Ոչ թե մտածել ենք, այլ դրանով զբաղվում ենք ամեն օր:

Արդյունավետ ծախսը ենթադրում է որոշակի գործողություններ, որոնք մենք չափում ենք միջազգային ստանդարտներով: Ես այսպես հասկացա՝ կարելի է «Շողակաթը» փակել, ֆինանսավորել Հանրային ռադիոն: Դա օրինաչափ գործողություն չէ, որովհետև դա կառավարում չէ, այլ պանիկայի մեջ ինչ-որ գործողություններ կատարել է:

Ես չեմ համարում, որ թե՛ «Շողակաթ»-ը, թե՛ Հանրային ռադիոն  անարդյունավետ են աշխատում, նրանք աշխատում են իրենց կարողությունների չափով, երբեմն նույիսկ ավելի: «Շողակաթ»-ի նման ալիքը միջազգային նորմ է, ու այնպես չէ, որ դա իրենք հորինել են մեզ համար, իրենք էլ են այդպես ապրում:

Եթե մշակութային հաղորդում չլինի, մեր հասարակությունը կդառնա  քաղաքական կուսակցությունների հասարակություն:  Ճաշակի հարցով չեմ ուզում վիճել Ձեզ հետ, տիկին Վարդանյան, լավ կամ վատը շատ մասնավոր նկատառում է: Եթե կա ավելի լավը, կարող ենք դիտարկել ավելի լավի ներգրավման հնարավորությունը»: