Կառավարությունը սահմանեց Ոստիկանության ծառայո...

Կառավարությունը հաստատեց Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը։ Նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Ատեստացիայի սուբյեկտ են լինելու թե Ոստիկանության պետի տեղակալները, թե մնացած ծառայողները»,– ասաց նա։

Նա նշեց, որ ատեստավորումն իրականացվելու է երեք փուլով՝ հուլիսից։  Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ արդյունքներից է կախված լինելու հավելաչափը․ գերազանց կստանան 45–50 հարցադրմանը ճիշտ պատասխանողները, լավ՝ 35–44-ին և բավարար՝ 26–34-ին ճիշտ պատասխանողները։

Նախարարի տեղակալը նշեց, որ մի քանի կրիտերիաներ են նախատեսել, որոնց արդյունքում պետք  է ստուգեն ատեստավորմանը  մասնակցելու անհրաժեշտությունը։ «Առաջին հիմնական կրիտերիան վերաբերում  է թմրամիջոցի, հոգեմետ, հոգեներգործուն նյութի օգտագործմանը, մինչև ատեստավորումը կլինի փորձաքննություն, և եթե դրական լինի պատասխանը, անձին չի թույլատրվի մասնակցել ատեստավորմանը»,– ասաց նա և նշեց, որ երկրորդ կրիտերիան այն է, որ եթե ծառայողն ունի 20 միլիոն և ավելի ՀՀ դրամի վարկ և այդ շրջանակում  91 և ավելի օր ունի ժամկետանց պարտավորություն, նրան ևս չի թույլատրվի մասնակցել ատեստավորմանը։