Հայաստանի կառավարությունը Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը խստացնելու որոշում է ընդունել։ Հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության հոկտեմբերի 24-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։
Նախագծով առաջարկվում է Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայության պարագայում։ Կամ վերոնշյալ երկրների քաղաքացի հանդիսացող և ՀՀ մուտքի վիզա ստանալու համար դիմող անձը պետք է ներկայացնի ինքնաթիռի տոմս (վերադարձով) մուտքի վիզայի դիմումների ուսումնասիրության փուլում․ որպես գնահատման չափանիշ՝ կարևոր է ոչ թե միակողմանի, այլ վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայությունը, որպես նախանշված ժամկետում վերադառնալու մտադրության ապացույց։
Հաջորդ պահանջը տվյալ օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետություն այցելությամբ հետաքրքրված կողմի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավաբանական անձի, պետական մարմնի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ միջազգային կազմակերպության հրավերն է (հայտագիր, նամակ, միջնորդություն)։ Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ E-VISA համակարգում կցվում է ոչ թե տուրիստական ընկերության հրավեր, այլ տվյալ օտարերկրացու ՀՀ այցելությամբ հետաքրքրված կողմի հրավերը, որն այցելության իրական նպատակի արժանահավատությունը գնահատելու համար ոչ պակաս կարևոր և օժանդակ փաստաթուղթ է։
Առաջարկվում է նշված երկրների քաղաքացիների կողմից որպես E-VISA համակարգով դիմելու համար անհրաժեշտ պայման սահմանել ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքերի ներկայացումը (բանկային քաղվածք, այլ ապացույցներ), որը ոչ միայն միջազգային պրակտիկայում ընդունված մոտեցում է, այլև տվյալ դեպքում էական նշանակություն է ունենալու, քանի որ խնդրահարույց դիմումների պարագայում նման ապացույցներ ներկայացնելը հիմնականում հնարավոր չի լինելու, ինչը դիմումների արժանահավատությունը գնահատելու համար որոշիչ չափանիշ է։
Առաջարկվում է նաև որպես էլեկտրոնային վիզա ստանալու նախապայման սահմանել նաև առողջապահական (ճամփորդական) ապահովագրության առկայությունը։ Այս խնդիրն առավել արդիական է, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Հնդկաստանի մի շարք քաղաքացիների մոտ արձանագրվել են տուբերկուլյոզի հաստատված դեպքեր։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունում է պայմանավորված է դեպի ՀՀ ուղղված իմիգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման անհրաժեշտությամբ։
Նշվում է, որ վերջին երկու տարիներին կտրուկ աճել է էլեկտրոնային մուտքի վիզա (E-VISA) ստանալու ճանապարհով ՀՀ մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թիվը, ովքեր վիզայի ժամկետի ավարտից հետո շարունակում են մնալ ՀՀ տարածքում՝ առանց օրինականացնելու իրենց բնակությունը:
Որոշակի աճ է արձանագրվել նաև Եգիպտոսի քաղաքացիների մուտքերի դեպքում։ Խնդրահարույց են նաև Իրաքի քաղաքացիների մուտքերի ծավալները։ Չնայած նրան, որ այս դեպքում մուտքի ծավալները չեն աճել՝ աճել է այս երկրի քաղաքացիների կողմից ներկայացվող ապաստանի հայցերի թիվը։
Վիզայի ժամկետի խախտման միջինացված ժամանակահատվածը կազմում է 90 օրից ավելի։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տրված վիզայի ժամկետը խախտած Հնդկաստանի քաղաքացիների 70%-ը իրենց վիզաները ստացել են հայկական տուրիստական գործակալությունների հրավեր-երաշխավորագրերի հիման վրա: Չնայած նրան, որ տուրիստական գործակալությունների կողմից ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչություն ներկայացվող հրավեր-երաշխավորագրերում, որպես կանոն, առկա է հավաստիացում, որ հրավիրյալ անձը չի դիմի կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության համար, նախանշված ժամկետում կմեկնի ՀՀ-ից, իրականության մեջ պատկերը բոլորովին այլ է, և փաստորեն վիզաների հաստատման համար միայն տուրիստական գործակալությունների հրավերների առկայությունը չի կարող համարվել բավարար հիմք, քանի որ դրանք, 70% դեպքերում, փաստորեն չեն երաշխավորում տուրիստական այցելության իրական նպատակը և սահմանված ժամկետում ՀՀ-ից մեկնելը:
Նշվում է, որ խնդիր է Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի հետ ռեադմիսիոն համաձայնագրի բացակայությունը, ինչը խոչընդոտում է հետվերադարձի ինստիտուտի լիարժեք իրականացմանը
«ՀՀ-ում սկսում են կուտակվել անօրինական միգրանտների խմբեր, ինչը բերում է մի շարք բացասական հետևանքների, մասնավորապես, մեծանում է անօրինական միգրանտների կողմից հանցագործությունների կատարման, ինչպես նաև նրանց՝ թրաֆիքինգի ենթարկվելու ռիսկը։ Մյուս կողմից էլ մեծանում է անօրինական միգրանտների՝ ՀՀ տարածքը դեպի եվրոպական երկրներ տեղաշարժվելու համար տարանցիկ գոտու վերածվելու հավանականությունը, ինչը խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի վրա:
Ներկայում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ստացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միգրացիոն հոսքերի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրության արդյունքները։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 01.01.2024թ-ից մինչև 22.08.2024թ-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ են ժամանել և ներկայումս ՀՀ-ում անօրինական բնակվում են Հնդկաստանի թվով 11965, Եգիպտոսի թվով 658 և Իրաքի թվով 255 քաղաքացիներ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։