Կառավարությունը կաջակցի պատերազմի մասնակիցերի...

Կառավարությունն այսօրվ նիստում  հաստատեց Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը:

Նախագծով առաջարկվում է աջակցել գործազուրկին ձեռք բերել գործատուի պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝  առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։

Ծրագիրը կիրականացվի աշխատաշուկայի պահանջարկի հաշվառմամբ, մասնավորապես, ծրագրի իրականացման պարտադիր պայման է  թափուր աշխատատեղի առկայությունը և ծրագրի ավարտից հետո Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանցով այդ աշխատատեղը համալրելը։ Թափուր աշխատատեղի ներկայացման հետ միաժամանակ գործատուն ներկայացնում է այդ աշխատատեղը համալրելու համար պահանջվող մասնագիտական հմտությունները։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնն այդ պահանջների հիման վրա կազմում է համապատասխան ցուցակ։

Ցուցակում ընդգրկված անձանցից գործատուն ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին և առաջարկում իրականացնել շահառուի մասնագիտական ուսուցում մինչև 5 ամիս տևողությամբ,
առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող շահառուի համար իր մոտ կազմակերպել մասնագիտական աշխատանքային փորձառություն 3 ամիս տևողությամբ, կնքել աշխատանքային պայմանագիր՝ ստանալով միանվագ փոխհատուցում։

Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին առաջարկվում է վճարել՝
1) ուսման վարձի փոխհատուցում ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամի չափով.
2) կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուի հետ գործատուն պարտավորվում է կնքել աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով։ Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին առաջարկվում է տրամադրել գումար առավելագույնը 50000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար՝ հիմքում ընդունելով ներկա պահին հաշվարկված զուտ մեդիան աշխատավարձի չափը, որը կազմում է շուրջ 140000 դրամ։

Սույն ծրագրին կարող է մասնակցել թափուր աշխատատեղ ունեցող այն գործատուն, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, քանի որ նշված մարմինների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է թափուր աշխատատեղերի համալրման հատուկ ընթացակարգ և նշված ընթացակարգով այն համալրել հնարավոր չէ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննակման ժամանակ նկատել է, որ  պատերազմի մասնակիցները աշխատանք գտնելու հետ կապված խնդիրներ են ունենում. պատճառը մասնագիտական որոշակի հմտությունների բացակայությունն է: Ըստ այդմ, նման որոշում ընդունելու անհրաժեշտություն է եղել:

«Մենք ուզում ենք  իմանալ՝ զորացրվելուց հետո զինվորն ինչո՞վ է ուզում զբաղվել՝ ուզում է աշխատել, սովորել, գուցե ուսանող է, շարունակում է, ու երբ տեսնենք, որ նա ինչ-որ ձևով ունի կառավարության կարիքը, կուղեկցենք մինչև այն կետը, որտեղ էլ աջակցության կարիք չի ունենա: Շատ կարևոր ծրագիր է»,-ասել է Փաշինյանը: