Կառավարությունը հետաձգել է սեպտեմբերի 21–ին ն...

Կառավարությունը հետաձգել է սեպտեմբերի 21–ին՝ Հայաստանի անկախության 31–ամյակին նվիրված «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության անցկացումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությունը հետաձգվել է անորոշ ժամկետով։

Սեպտեմբերի 21–ին, ինչպես սովորաբար լինում է, Կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

168.am կայքի հաղորդմամբ՝   «Մեր ժամանակների հերոսը» խորագիրը կրող մրցանակաբաշխության կազմակերպման համար Կառավարությունը նախ իրականացրել էր 120 միլիոն դրամի գնում՝ մեկ անձից։

Մրցանակաբաշխության կազմակերպման համար որեւէ գնման մրցույթ չի հայտարարվել, եւ Փաշինյանի աշխատակազմը նախընտրել է պետբյուջեի 120 միլիոն դրամից 40 միլիոն դրամով մեկ անձից գնում կատարել՝ «Բրիդջ» ՍՊԸ-ից, եւ 80 միլիոն դրամով՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ից։

Հենց այս երկու կազմակերպություններն էին  120 միլիոն դրամով Կոտայքի մարզի Գառնի գյուղում կազմակերպելու «Մեր ժամանակների հերոսը» շարքի հերթական միջոցառումը։

168.am–ը, սակայն, օրեր առաջ տեղեկացրեց նաեւ, https://168.am/2022/09/18/1766525.html?fbclid=IwAR1xCdoHlaFRDMG271m-7233yM-1M1Jdkd_6Zboo6RGoqRXm1i0iCoaHcOU  որ Կառավարությունը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար չի բավարարվել 120 միլիոն դրամով, եւ եւս 35 մլն դրամ է հատկացրել։

Թե ինչքան գումար է արդեն ծախսվել այս մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար, եւ ի՞նչ է լինելու մնացած  գումարի հետ, Կառավարությունից գրավոր հարցում պահանջեցին։