
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20–ի նիստում մեկ անձինց հերթական մեծ գնումը կատարելու մասին որոշում է կայացրել։
Նախագծով նախատեսվում է անհետաձգելի համարել Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման ծրագիրը և այդ նպատակով անհրաժեշտ կապալային աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության գնումների գործընթացը կազմակերպել «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։
«Անհրաժեշտությունն ելնում է այն հանգամանքից, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և հրավերով 2027թ.–ի ապրիլի 27-ից մայիսի 2-ը Երևանում կայանալու է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը և առաջնությանն ընդառաջ 2026թ-ի 4-րդ եռամսյակում կազմակերպվելու է նախամրցումային միջոցառումը, որոնք անցկացվելու են մարզադպրոցի կառուցվելիք նոր շենքում և, հետևաբար, շինարարական աշխատանքները պետք է ավարտված լինեն ամենաուշը 2026 թվականի աշնանը: Այս կապակցությամբ շինարարական աշխատանքները պետք է սկսվեն անհապաղ, ինչով պայմանավորված գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է»,-ասվում է հիմնավորման մեջ: