Կառավարությունը հաստատեց 2026-2030 թթ. իմունա...

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում հաստատեց 2026-2030 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և կանխարգելիչ պատվաստումների վկայականի ստանալու կարգը։

Հարցը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով. «Այս որոշմամբ մենք հաստատում ենք հանրային առողջապահական ամենակարևոր երաշխիքներից մեկը հանդիսացող պատվաստումների ազգային օրացույցը, նաև պատվաստումների վերաբերյալ միջազգային վկայականների տրամադրման ձևաչափը և այն թիրախները, որոնք մենք մեզ համար դնում ենք պահպանելու 0-1 տարեկան երեխաների պատվաստման ցուցանիշները և, իհարկե, վարակիչ, վտանգավոր հիվանդությունների զրոյական դեպքերը։

Վերջին տարիներին մեր ազգային օրացույցում ներդրել ենք վերջին սերնդի ավելի համակցված վեցավալենտ պատվաստանյութեր, որոնք շատ ավելի զերծ են պահում մի քանի անգամ պատվաստվելու խնդրից։ Ջրծաղիկի պատվաստանյութը այլևս մեր օրացույցի մաս է կազմում»,–ասաց նա։

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք մեծահասակների շրջանում ևս կան պարտադիր պատվաստումներ, ինչին ստացավ բացասական պատասխան, և շարունակեց. «Այսինք, կովիդ, կարմրուկ, ջրծաղիկ, սեզոնային գրիպ, չափահաս քաղաքացին ինքը կարող է որոշել, որ ես ուզում եմ պատվաստվել, դիմի իր պոլիկլինիկա և այդ պատվաստումը մենք անվճար ապահովում ենք»։

Փաշինյանը նաև նկատեց, որ պետությունը անուն, ազգանունով գիտի այն ծնողներին, որոնք հրաժարվում են իրենց երեխաներին պատվաստել։