Կառավարությունը գումար հատկացրեց հայ-թուրքակա...

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում որոշեց գումար հատկացնել Արմավիրի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում (հայ-թուրքական սահման) մաքսակետ կառուցելու համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նշված տարածքում մաքսային հսկողու­թյան գործընթաց իրականացնելու նպատակով՝ նախատեսվում է կառուցել նոր մաքսակետ, որի համար ներկա պահին անհրաժեշտ է կազմել շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթեր։

Մաքսակետի կառուցման և դրա նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերման համար նախատեսված են խիստ սահմանափակ ժամկետներ, դրա համար անհրաժեշտ է շինարարական և նախագծման աշխատանքները կատարել զուգահեռ` փուլային տարբերակով:

Նախագծանախահաշվային փաստա­թղթերի կազմման պահանջվող գումարը կազմում է 28 մլն 291 հազար դրամ:

Նախագծումն իրականացնողը «Արբակ եւ որդիներ» ՍՊԸ-ն է: Շինարարական աշխատանքների իրականացնող գլխավոր կապալառուն «Արտկոն» ՓԲԸ-ն է (2019թ. COVID-19 շրջանակներում կառուցել է Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային հատվածը), ենթա­կապալառուն՝ «Սահակյանշին» ՓԲԸ-ի, իսկ տեխնի­կական հսկողություն իրականացնողը «Տամո-Շին» ՍՊԸ-ն»: Նրանց հետ կնքվել են պայմանագրեր:

Շինարարական աշխատանքների, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների և գույքի արժեքը` ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողությունները, նախագծի փորձաքննությունը, խոշորացված հաշվարկներով կազմում է 732 մլն 805 հազար դրամ, որի համար հետագայում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից անհրաժեշտ կլինի հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ, քանի որ ՊԵԿ-ի միջոցների հաշվին իրականացնելը հնարավոր չէ:  

Ելնելով վերոգրյալից Նախագծով նախատեսվում է իրականացվող աշխա­տանքները և ծառայությունները ձեռք բերել հրատապ մեկ անձից գնման ընթացա­կարգով:

Հիշեցնենք, որ Մարգարայի կամրջից այն կողմ հայ-թուրքական սահմանն է, որը փակ է 1993 թվականից, 30 տարվա փակ սահմանները կարճատեւ՝ մեկ-երկու անգամ բացվեցին այս տարվա փետրվարին, երբ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Թուրքիայի երկրաշարժի հետեւանքով տուժածներին։