Կառավարությունը երկարաձգեց սև և գունավոր մետա...

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 30–ի նիստում «Հայաստանից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում կայացրեց։

Այս որոշումը պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:

Հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով միջազգային ասպարեզում ձևավորված տնտեսական ոչ բարենպաստ պայմանները, կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն  անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից մրցունակ պատրաստի արտադրանք ստանալու համար։

Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ ներմուծվող հումքով աշխատելը տնտեսական աննպատակահարմար է, քանի որ այդ դեպքում արտադրանքի ինքնարժեքը բարձր է և ոչ մրցունակ։

Միևնույն ժամանակ, վերջին տարիներին արտաքին շուկաներում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էր Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթաց։ Նշված գործընթացը չկանոնակարգելու դեպքում տեղական մետաղագործական և մետաղամշակման ոլորտի  տասնյակ ձեռնարկություններ ստիպված կլինեն որպես հումք օգտագործել բացառապես ներմուծվող մետաղի ջարդոնը, ինչը չի լուծում առկա խնդիրը։

Հարկ է նշել, որ կարևորելով մետաղական հումքով տեղական մետալուրգիական ընկերությունների ապահովման հարցը՝ ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրները նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը։

Կառավարությունն արդեն այս տարվա հունիսին ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելել էր սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանումը, ինչը դրական ազդեցություն է թողել։

Նոր արգելքի մասին որոշումը կգործի 2026–ի փետրվարի 2-ից մինչև 2026–ի օգոստոսի 2-ը։