Կառավարությունը 1 մլրդ 124 մլն դրամ կտրամադրի...

Հայաստանի կառավարությունը հունիսի 26-ի նիստում հաստատեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հերթական սուբվենցիոն փաթեթը։ Որոշման համաձայն՝ կտրամադրվի 1 միլիարդ 124 միլիոն դրամի համաֆինանսավորում՝ 14 համայնքի կողմից ներկայացված 18 ծրագրի իրականացման նպատակով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ ծրագրերն իրականացվելու են համաֆինանսավորման սկզբունքով։

«Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 14 համայնքի 18 ծրագիր, որից մեկական՝ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում, երեքական՝ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում, իսկ Լոռու մարզում՝ վեց ծրագիր»,- նշեց նախարարը։

Հաստատված ծրագրային հայտերը հիմնականում վերաբերում են համայնքներում կապիտալ ներդրումներին՝ ուղղված բնակիչների կյանքի որակի բարելավմանը և ենթակառուցվածքների արդիականացմանը։ Մասնավորապես՝ փողոցների, այգիների, պուրակների և խաղահրապարակների բարեկարգում, համայնքային շենքերի, մշակույթի տների, մանկապարտեզների և հանդիսությունների սրահների նորոգում և կառուցում, խմելու ջրագծերի, կոյուղատար համակարգերի և ոռոգման ցանցերի կառուցում և վերանորոգում, գիշերային լուսավորության անցկացում, բնակավայրերի գազաֆիկացում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային գույքի նորոգում՝ էներգախնայողության մեխանիզմներով։