Իշխանությունները շարունակում են հանրությանը մոլորեցնել և ստել: Այս անգամ շաբաթներ շարունակ իշխանությունները թմբկահարում են Շուռնուխ համայնքում կառավարության կողմից կառուցվելիք 12 տների մասին, որոնք պետք է տրամադրվեն այն բնակիչներին, ովքեր կորցրել են իրենց տները Նիկոլ Փաշինյանի հայրենադավ գործունեության արդյունքում:
Կառավարությունն իր պաշտոնական կայքում օրերս հրապարակել էր մի ռեպորտաժ, որում պատմում էին կառուցվելիք տների մասին: Տեսանյութին կից գրառումից կարելի էր ենթարդել, որ հենց կառավարությունն է կառուցում այդ տները:
Նույն տպավորությունը կարելի էր ստանալ նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերջին գրառումից. «Ինչպես պայմանավորվել էինք հունվարի 29-ին Սյունիք կատարած իմ այցի ընթացքում, երեկ արդեն մեկնարկել են Շուռնուխում նոր թաղամասի կառուցման աշխատանքները»,-գրել էր Ավինյանը:
Ու բոլոր այս օրերին ոչ մի բառ այն մասին, որ տներն իրականում կառուցում են բարերարները: Ավինյանի վերջին գրառումից հետո ստիպված էր պարզաբանմամբ հանդես գալ Գորիսի փոխքաղաքապետը. «Նոյեմբեր ամսվանից են դեռ բարերարները եկել, գնացել, ասել` ինչ են ուզում կառուցեմ, իսկ Ավինյանի այցը դրա հետ կապ չունի ընդհանրապես, դա ուրիշի հաշվին PR անել է, ուրիշ բան չկա, կարող եմ ասել, որ դա բարոյական չէ: Բարերարների միջոցների շնորհիվ առանձնատներ կկառուցվեն, իսկ համայնքային միջոցներով բազմահարկ շենք կկառուցվի»,- լրատվամիջոցներից մեկի հետզրույցում ասել էր փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:
Ստացվում է կառավարությունն ու փոխվարչապետ Ավինյանը ստել են: Նրանք չպարզաբանելով իրավիճակը ստեղծել են տպավորություն, թե կառավարությունն է կառուցում տները, այնինչ, կառավարությունը ոչ մի կապ չունի այդ կառուցապատման հետ:



