Այսուհետ համայնքային և պետական հողերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եկեղեցիների կառուցման և սպասարկման համար կտրամադրվեն ոչ թե սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով: Այս մասին փետրվարի 5-ին Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը վերաբերում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի անհատույց տրամադրմանը: Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետն արդեն իսկ նախատեսում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի տրամադրումը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ անհատույց օգտագործման իրավունքով, առանց որևէ մրցույթի անցկացման: Այսպիսով, օրինագիծը նախատեսում է ուժը կորցրած ճանաչել 2001 թվականի մայիսի 2-ի ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը», — նշված է փաստաթղթի հիմնավորման մեջ:
Ներկայումս, Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն տրամադրվում են անհատույց՝ սեփականության իրավունքով՝ եկեղեցիների և եկեղեցական շինությունների կառուցման համար: Եվ քանի որ օգտագործման մասին դրույթն արդեն իսկ նախատեսված է Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով, օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 2001 թվականի մայիսի 2-ի ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը:
Այնուամենայնիվ, օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված չէ, թե ինչ պատճառով է որոշվել կատարել այդ փոփոխությունները: Սակայն Կառավարության կողմից սահմանված կանոնները չեն տարածվի այն հողերի վրա, որոնք մինչ այժմ փոխանցվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ըստ էության, Կառավարությունն այլևս Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն սեփականության իրավունքով և անհատույց հիմունքներով հող չի տրամադրի:



