Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ «Սպայկա» ընկերությունը շարունակի իր գործունեությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Լրագրողի հարցին, թե «Սպայկա»-յի շուրջ ստեղծված աղմուկից հետո լուրեր կան, որ շուկա է մտնում «Բեստ Ֆրութ» ընկերությունը, Դավիթ Անանյանն արձագանքեց.
«Առաջին անգամ եմ լսում «Բեստ ֆրութ» ընկերության մասին։ Մենք «Սպայկա»-յի ղեկավարության նկատմամբ, նրանց արարքների քրեաիրավական գնահատական տալու քննություն ենք իրականացնում։ Եթե տնտեսագիտական կողմը նայենք, օրինակ՝ որպես կառավարություն, ամեն ինչ կանենք և անելու ենք, որ «Սպայկա»-ն որպես տնտեսվարող սուբյեկտ իր գործունեությունը շարունակի։
Բայց մենք դիլեմայի առաջ ենք կանգնած։ Այո՛, մենք չենք ուզում, որ «Սպայկա»-ն խաթարի իր գործունեությունը։ Բայց գործունեությունը չխաթարվելու որպես նախապայման ընդունելը, որ քրեաիրավական գնահատական չպետք է տանք ղեկավարության նախկին վարքագծին, մենք պատրաստ չենք այդպիսի կոմպրոմիսի», - ասաց Դավիթ Անանյանը։



