Կառավարության նորացումը պետք է ամրապնդի Ուկրա...

Կառավարության նորացումը պետք է ամրապնդի Ուկրաինան և կապահովի ավելի շատ համաձայնագրեր Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությունը։

Ըստ հրապարակման՝ Գերագույն ռադայի լիագումար նիստին Զելենսկին հայտարարել է, որ վերընտրվելուց հետո Ուկրաինայի նոր կառավարությունը պետք է պաշտպանության, պաշտպանական արտադրության ոլորտներում գործընկերների հետ կնքված բոլոր համաձայնագրերի, հուշագրերի, բոլոր կայունության ծրագրերի աուդիտ անցկացնի, որպեսզի պայմանավորվածությունները կատարվեն 100 տոկոսով՝ Ուկրաինայի շահերից ելնելով։

«Կլինեն նաև նոր համաձայնագրեր Միացյալ Նահանգների հետ, որոնք կամրապնդեն Ուկրաինայի դիրքերը, և որոնց համար մեզ անհրաժեշտ են փոփոխություններ Ամերիկայի հետ դիվանագիտական աշխատանքում», - ընդգծել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ պետությունը պետք է երաշխավորի ուկրաինացի զինվորների վստահությունը Պաշտպանության ուժերի ապահովման հարցում։ Եվ այդ նպատակով, ըստ նրա, մասնավորապես, կմեծացվի Ուկրաինայի ներքին տնտեսական ներուժը։

«Ուկրաինայի նախարարների կաբինետի և, ընդհանուր առմամբ, ուկրաինական իշխանության համակարգի թարմացումը կապահովի այս խնդիրների իրականացումը», - եզրափակել է նա։

Հուլիսի 16-ին Գերագույն ռադան պաշտոնից ազատել է վարչապետ Դենիս Շմիհալի կառավարությունը, իսկ հուլիսի 17-ին պատգամավորները վարչապետի պաշտոնում նշանակել են Յուլյա Սվիրիդենկոյին։