Գյուղատնտեսական ապահովագրությունը որպես ավահովագրություն Հայաստանում և՛ հետաքրքրություն չուներ ապահովագրական ընկերությունների կողմից, և՛ ապահովագրական ընկերությունները պատկերացում չունեին, թե ընդհանուր առմամբ ինչով պետք է իրենք առաջնորդվեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
«Մենք ստեղծեցինք, մշակեցինք գործիքներ նաև ապահովագրական ընկերությունների համար։ Մենք նկատում ենք, որ ծրագրի մեկնարկից ի վեր բավականին լավ տեմպերով աճ էր արձանագրվում»,- նշեց նա։
Արման Խոջոյանն անդրադառնալով խաղողագործությանը՝ նշեց, որ ստացվել է շուրջ 7700 այգեհիմնման հայտ․ «Այգեգործության ծրագրի շրջանակներում թույլատրվում է որպեսզի այգեհիմնման աշխատանքները իրականացվեն 2 տարվա ընթացքում։ Դա է պատճառը, որ արդեն մենք ունենք ամբողջական հիմնված շուրջ 2600 հա այգի։ Երբ այդ ծրագրերը նախաձեռնվում էին, առաջնային փուլում մենք բավականին քիչ հետաքրքրվածություն ունեինք․ առաջին տարին 10 հա էր, հետո 58, այնուհետև 588հա այգեհիմնման հայտ էինք ստանում»։
Անդրադառնալով փոխհատուցմանը նշեց, որ այն ներառում է նաև փոխհատուցման բաղադրիչը․ «Այդտեղ մենք ունեցել ենք 120 հեկտարի հայտ։ Փոխհատուցման բաղադրիչով արդեն մոնիտորինգի դրական եզրակացությունը ստացած այգիների շահառուների համար այս տարի մենք արդեն փոխհատուցել, մինչև տարեվերջ կփոխհատուցենք 1 միլիարդ 700 միլիոն դրամ»։
Հարցին՝ ցուցանիշները գոհացուցի՞չ են, փոխնախարարն ասաց․ «2021 թվականին կառավարությունը սահմանեց տարեկան շուրջ 1000 հեկտար այգեհիմնման թիրախ։ Յուրաքանչյուր տարի մենք այս ցուցանիշը գերակատարել ենք։ Եթե դիտարկենք կառավարության 5-ամյա պլանը, ապա մինչև 5-ամյա պլանի ավարտը մենք կունենանք տարեկան 1000 հեկտար արդեն հիմնված այգիները»։
Նա նշեց, որ այսօր էլ իրականացվում են մոնիտորինգներ և վերլուծությունների արդյունքում կամ հայտը մերժվում է կամ հաստատվում․ «Մեր կողմից իրականացվում են նաև տարեկան մոնիտորինգներ, և կառավարության ծրագրի շրջանակներում մենք այգեհիմնումից հետո 5 տարի շարունակաբար յուրաքանչյուր տարի իրականացնելու ենք մոնիտորինգ։ Այս տարի մեծաթիվ գրություններ ենք ուղարկել շահառուներին, տեղեկացնելով, որ օրինակ՝ այգում մոլախոտերի հեռացումներ իրականացված չեն կամ կպչողականությունն ավելի քիչ էր և ժամանակ ենք տվել, որ դրանք շտկեն։ Այն դեպքերը, որոնք մենք նկատում ենք, որ դա վեգետացիոն շրջանի ընդհանուր եղանակային խնդիրներով պայմանավորված խնդիրներ չեն, այդ դեպքերին առանձին վերաբերմունք ունենք և այդտեղ արդեն ներկայացնում ենք պահանջ, որ գումարի հետ գանձում իրականացնենք»։