Ատելության խոսքի խնդիրն ամբողջ աշխարհում է տարածված, գտնում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը։
Պատգամավորը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հանրային գործիչները շատ ուշադիր պետք է լինեն իրենց խոսքում: Նա հավելեց, որ արդեն իսկ հանրային քննարկման է դրվել բռնության կոչերի վերաբերյալ օրինագիծը։
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի՝ վերջերս հնչեցրած խոսքերը, ըստ Կարապետյանի, թե՛ ատելության, թե՛ բռնության տարրեր են պարունակում։
Նշենք, որ Բալասանյանը, «Լայվնյուզ» լրատվականին տված հարցազրույցում անդրադառնալով Սասնա ծռերին, ասել էր․ «2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»։
Խոսելով որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկի՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղղված «գլուխը ջարդելու» կոչին՝ «Իմ քայլը» պատգամավորն ասաց, որ թրենդ գոյություն ունի, որ որոշակի խմբեր իրենց երևակայում են կառավարող ուժի պաշտպաններ ու բռնության, ատելության խոսք են տարածում։



