Կարապետյանը ծաղրու՞մ է հանրությանը, թե՞ խաբել...

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը առաջարկել է մշակել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման համալիր միջոցառումների պլան։

Կարապետյանը, ի թիվս այլ առաջարկների, իր պլանում առաջարկել է, որ «իշխանության և ընդդիմությունը համատեղ գործողություններ պետք է իրականացնեն գերիների ազատության համար»։

Ընդդիմության և իշխանության համատեղ գործելու մասին Արշակ Կարապետյանի առաջարկն իհարկե զարմացնող էր։ Այս մարդն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է անձամբ Փաշինյանի խնդրանքով․«կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք, որպեսզի Վարդանյանը քաղաքական գործընթացներ չձեռնարկի»,- ասել էր նա։

Հիմա ինչպես է Արշակ Կարապետյանը պատկերացնում իշխանության և ընդդիմության համատեղ գործողությունները։ Երևի ընդդիմությունն էլ պետք է միանա Նիկոլ Փաշինյանին ու առաջարկի, որ Ռուբեն Վարդանյանին ցմահ դատեն։ Թե՞ այն ժամանակ արված հայտարարությունը կեղծ է եղել ու Նիկոլ Փաշինյանը որևէ մեկի ձերբակալման համար չի դիմել Ադրբեջանին։

Ամեն դեպքում երկու տարբերակն էլ բացասական զգացողություններ են առաջացնում։ Եթե ճիշտ է, որ Վարդանյանին ձերբակալել են Փաշինյանի խնդրանքով, ապա ստացվում է, որ այս մարդը միամիտ է ու կարծում է, որ Վարդանյանին հանձնողի հետ կարող է համագործակցել ընդդիմությունը։Սա կարծես ծաղր լինի հանրության նկատմամբ։ Իսկ եթե Փաշինյանը չի խնդրել ձերբակալել Վարդանյանին, ապա ինչու՞ է ժամանակին Կարապետյանը ստել հանրությանը իր «հավաստի տեղեկություններով», ո՞րն է եղել նպատակը։