Կարապետյանները մերժեցին կապը Սերժ Սարգսյանի թ...

Օրերս մենք մտահոգություն էինք հայտնել, որ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի հեղինակությունը կարող է վնասվել, եթե իշխանական քարոզչամեքենան կարողանա հիմնավորված կերպով նրան կապել հանրության կողմից մերժված, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Կարապետյանին նախկին համակարգի հետ նույնացնելու համար Սերժ Սարգսյանի թիմը ջանք չի խնայում։ Բանը հասավ նրան, որ ՀՀԿ-ական երիտթևը՝ որը քաղաքական շրջանակներին հայտնի է միայն այս կամ այն գործչի դեմ Սերժ Սարգսյանի հրահանգով հայհոյանքների արշավների մասնակցությամբ, Սամվել Կարապետյանի նկարներով երթ իրականացրեց։ Սա լուրջ հարված էր բարի համբավ և հեղինակություն ունեցող Կարապետյանին։

Կարապետյանների ընտանիքը սակայն մեկ օր անց ցույց տվեց, որ  քաղաքական առումով որևէ առնչություն չունի Սերժ Սարգսյանի և նրա թիմի հետ։ Կարապետյանները հայտարարեցին, որ ստեղծում են փաստաբանական խմբեր, որոնք պաշտպանելու են քաղաքացիների իրավունքները։

«Հարգելի՛ հայրենակիցներ, եթե Դուք կամ Ձեր ընտանիքի անդամը նույնպես ենթարկվել եք ապօրինի քրեական հետապնդման և բանտարկման, Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել են փաստաբանական խմբեր, որոնք անվճար կզբաղվեն Ձեր գործերով և կփորձեն հասնել արդարացի լուծման Ձեր համար։ Ստորև ներկայացնում ենք փաստաբանների հեռախոսահամարները»,- ասվում էր հայտարարության մեջ։

Հրապարակված անունների մեջ չկար ոչ մի անուն, որը կապ ունի Սերժ Սարգսյանի թիմի հետ։ Ցուցակում ներառված են հմուտ փաստաբաններ, սակայն նրանք չեն ասոցացվում որևէ քաղաքական ուժի հետ, հատկապես ՀՀԿ-ի։ Եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանի թիմի հետ կապ ունեցող և նրանից ֆինանսավորվող փաստաբանները ամենաակտիվն էին Կարապետյանի դեմ իրականացվող ապօրինությունների ֆոնին հանրությանը ներկայանալու գործում, ապա կարելի է փաստել՝ նրանց այդ ցուցակում չներառելը հենց նպատակ ունի ցույց տալու, որ Սամվել Կարապետյանը հեռու է մնում Սերժ Սարգսյանից։