Կապանի լեռնահարստացման կոմբինատը պարտվել է ԲԸ...

Վարչական դատարանը մերժել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ): Սա ԲԸՏՄ-ի դեմ հանքարդյունահանող ընկերության դատական հայցերից մեկն է, մյուսը դեռ քննվում է:

Հիշեցնենք, որ «Հետքի» հարցման հիման վրա ԲԸՏՄ-ն Կապանի ԼՀԿ-ում ստուգում էր սկսել 2024 թ․ օգոստոսին։ Ստուգման նպատակն էր պարզել կոմբինատի կողմից Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու թույլտվության առկայությունը եւ գործունեության համապատասխանությունը բնապահպանական եւ ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին։

Այդուհանդերձ, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն պնդում է, որ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրից բաց եղանակով հանքարդյունահանում չի իրականացրել (հետեւաբար, դրա թույլտվության կարիք էլ չկար):

Ըստ ԼՀԿ-ի՝ դեռեւս 1990-ականներին Շահումյանի հանքի փակ եղանակով շահագործման հետեւանքով ձեւավորվել են ստորգետնյա դատարկություններ, որոնք բավականին մոտ են եղել երկրի մակերեւույթին, ու հետագայում տեղի են ունեցել փլուզումներ, ինչպես նաեւ ձեւավորվել են գոտիներ, որտեղ փլուզման բարձր ռիսկ կա: «Ընկերությունը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է համապատասխան պետական լիազոր մարմինների հետ համաձայնեցված միջոցառումներ՝ փլուզված հատվածներում լանդշաֆտի վերականգնման եւ ռեկուլտիվացման, փլուզումային ռիսկի գոտիներում փլուզումների կանխարգելման ուղղությամբ,- դեռ 2024-ի ամռանը «Հետքին» հայտնել էին ԼՀԿ-ից։- Այդ միջոցառումների շրջանակներում փլուզումային ռիսկի հատվածներին մատչելիություն ապահովելու համար մակերեւույթին իրականացվում են սահմանափակ ծավալով հողային աշխատանքներ»։

Չնայած ԼՀԿ-ի հավաստիացումներին՝ ԲԸՏՄ-ն ստուգման արդյունքում պարզել էր, որ հանքարդյունահանողի կողմից ապօրինի արդյունահանվել է 2895 տոննա հանքաքար, որը պարունակել է 13,5 կգ ոսկի, 251 կգ արծաթ, 23 տոննա պղինձ, 153 տոննա ցինկ եւ 18 տոննա կապար։ Արձանագրվել է նաեւ, որ ԼՀԿ-ն, առանց մթնոլորտային օդ արտանետումների թույլտվության, արտանետել է 12,65 տոննա անօրգանական փոշի։