Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Դիմիտրիոս Սկուտասին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վահան Կոստանյանը շնորհավորել է դեսպան Սկուտասին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։
Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ավանդական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված Հայաստան-Հունաստան հարաբերություններն ամուր հիմք են ստեղծում դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու և հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար:
Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի համապարփակ իրագործման համատեքստում երկկողմ փոխգործակցության ընդլայնումը:
Առանձնահատուկ շեշտադրվել է երկկողմ առևտրատնտեսական օրակարգի առաջմղումը:



