Բաղդադի վտանգավոր խաղը Էրբիլի դեմ․ հայացք Հայ...

Իրաքում Քրդստանի ինքնավարության սահմանադրական ճանաչումից 21 տարի անց տարածաշրջանն այսօր բախվում է աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերների։ Տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխությունը, ամերիկյան ռազմական ներկայության ավարտը և Բաղդադի՝ իշխանության կենտրոնացման քաղաքականությունը կարող են վտանգի տակ դնել վերջին երեք տասնամյակների ընթացքում ձևավորված քաղաքական և ինստիտուցիոնալ համակարգը։

Խնդիրն այլևս միայն Բաղդադի և Էրբիլի միջև առկա ֆինանսական, տնտեսական կամ իրավական տարաձայնությունները չեն։ Վտանգի տակ կարող են հայտնվել այն հիմնարար բաղադրիչները, որոնք ապահովում են Քրդստանի ինքնավարության գոյությունն ու շարունակականությունը։

Քրդստանի ինքնավարության ներկայիս կարգավիճակի ձևավորման պատմական կարևորագույն փուլերից մեկը 1988 թվականին Սադամ Հուսեյնի վարչակարգի կողմից քուրդ ժողովրդի դեմ իրականացված «Անֆալ» գործողությունն էր, որը հետագայում ճանաչվեց որպես ցեղասպանություն։

«Անֆալը» ոչ միայն մարդկային ահռելի կորուստների և հազարավոր գյուղերի ավերման պատճառ դարձավ, այլև հիմնովին փոխեց Իրաքի պետական կառուցվածքի և այդ պետության շրջանակներում քուրդ ժողովրդի անվտանգության վերաբերյալ պատկերացումները։

Այս ցեղասպանությունը միջազգային քաղաքական օրակարգ բերեց մի կարևոր հարց․ արդյո՞ք Իրաքում քուրդ ժողովրդի անվտանգությունը հնարավոր է երաշխավորել առանց հատուկ քաղաքական կարգավիճակի, հստակ սահմանված իրավունքների և ինքնակառավարման արդյունավետ մեխանիզմների։

1991 թվականից հետո ձևավորված աշխարհաքաղաքական պայմանները հնարավորություն տվեցին ստեղծելու փաստացի ինքնակառավարման համակարգ։ Իսկ 2003 թվականին Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումը ճանապարհ բացեց այդ համակարգի սահմանադրական ճանաչման համար։

Իրաքի 2005 թվականի Սահմանադրությամբ Քրդստանը ճանաչվեց որպես դաշնային տարածաշրջան՝ օրենսդիր, գործադիր և դատական սեփական լիազորություններով, ինչպես նաև ներքին անվտանգության ուժեր ունենալու իրավունքով։

Այսպիսով, Քրդստանի ինքնավարության ձևավորումը կարելի է դիտարկել ոչ միայն ինքնորոշման սկզբունքի, այլև ցեղասպանության կրկնության կանխարգելման և տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում։

Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումը, Իրաքում ամերիկյան ռազմական ներկայությունը և տնտեսական ռեսուրսների առկայությունը հնարավորություն տվեցին Քրդստանի ինքնավարությունում ձևավորելու պետական կառավարման ինստիտուտներ և ապահովելու տնտեսական զարգացում։

Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական չափազանց բարդ պայմաններում Քրդստանի ինքնավարությունում ձևավորվեց կառավարման համեմատաբար արդյունավետ մոդել։ Թեև տարածաշրջանն իրավական առումով շարունակում էր մնալ Իրաքի կազմում, գործնականում այն սկսեց գործել որպես ինքնուրույն քաղաքական, տնտեսական և վարչական միավոր՝ ձեռք բերելով փաստացի պետականության բազմաթիվ հատկանիշներ։

Անցած տասնամյակների ընթացքում այս համակարգը բախվեց բազմաթիվ ճգնաժամերի։ «Իսլամական պետության» դեմ պատերազմը, 2017 թվականի անկախության հանրաքվեին հաջորդած զարգացումները, Քիրքուքի նկատմամբ վերահսկողության կորուստը և Բաղդադի հետ շարունակական ֆինանսատնտեսական տարաձայնությունները ծանր փորձություններ էին։

Չնայած այս բոլոր ճգնաժամերին՝ ինքնավարության հիմնարար ինստիտուտները կարողացան պահպանել իրենց գոյությունն ու շարունակել գործունեությունը։

Այսօր՝ Քրդստանի ինքնավարության սահմանադրական ճանաչումից 21 տարի անց, ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, որը կարող է հիմնովին փոխել Իրաքի ներքաղաքական ուժերի հարաբերակցությունը։

Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի վտանգը պահպանվում է։ Միաժամանակ, ամերիկյան ռազմական ներկայության նվազմանը զուգահեռ, Վաշինգտոնի քաղաքական դիրքորոշման մեջ նկատվում է Իրաքի ներքին տարաձայնություններին չմիջամտելու միտում։

Քաղաքագիտական տեսանկյունից՝ ուժային անհավասար հնարավորություններ ունեցող երկու քաղաքական դերակատարների հարաբերություններում արտաքին դերակատարի չեզոքությունը կարող է հանգեցնել առավել ուժեղ կողմի դիրքերի ամրապնդմանը։

Այս համատեքստում Վաշինգտոնի ներգրավվածության նվազումը Բաղդադի համար իշխանության կենտրոնացման նոր հնարավորություններ է ստեղծում, իսկ Էրբիլի համար՝ արտաքին քաղաքական և անվտանգային երաշխիքների թուլացման վտանգ։

Սահմանային անցակետերի և նավթային ոլորտի նկատմամբ դաշնային վերահսկողությունն ընդլայնելու Բաղդադի պահանջները պետք է դիտարկել հենց այս աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում։

Դաշնային իշխանություններն իրենց դիրքորոշումը հիմնավորում են պետական ինքնիշխանության ամրապնդման և ազգային ռեսուրսների նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությամբ։ Էրբիլում, մինչդեռ, այս գործընթացը գնահատվում է որպես ինքնավարության սահմանադրական լիազորությունների սահմանափակում։

Սահմանային անցակետերի և նավթային ոլորտի նկատմամբ վերահսկողությունը Քրդստանի ինքնավարության տնտեսական ինքնուրույնության և քաղաքական սուբյեկտայնության կարևորագույն բաղադրիչներից է։ Դրանց կորուստը կարող է էապես սահմանափակել Էրբիլի քաղաքական բանակցային հնարավորությունները։

Տնտեսական ինքնուրույնությունից զրկված ինքնավարությունը ժամանակի ընթացքում կարող է կորցնել նաև իր քաղաքական ինքնուրույնությունը։

Եթե իշխանության կենտրոնացման գործընթացը շարունակվի, չի բացառվում, որ հաջորդ փուլերում օրակարգ մտնի քրդական զինված ուժերի կարգավիճակի վերանայման, դրանց զինաթափման կամ Իրաքի ռազմական համակարգին ամբողջությամբ ենթարկելու հարցը։

Նման սցենարի դեպքում ինքնավարությունը կարող է իրավական առումով պահպանել իր գոյությունը, սակայն փաստացի զրկվել այն հիմնարար գործիքներից, որոնք բովանդակություն են հաղորդում ինքնավարությանը։

Սա չի նշանակում, որ Բաղդադի ներկայիս իշխանությունները ցանկանում են կրկնել Սադամ Հուսեյնի քաղաքականությունը։ Նման պնդման համար բավարար ապացույցներ չկան։ Սակայն միջազգային հարաբերությունների և ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից անհրաժեշտ է գնահատել ոչ միայն գործող իշխանությունների մտադրությունները, այլև այն ինստիտուցիոնալ պայմանները, որոնք ապագայում կարող են ճանապարհ հարթել զանգվածային բռնությունների համար։

Իրաքի պատմական փորձը ցույց է տալիս, որ իշխանության չափազանց կենտրոնացումը և տարբեր ժողովուրդների անվտանգության երաշխիքների բացակայությունը կարող են աղետալի հետևանքներ ունենալ։

Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում քրդական քաղաքական ուժերի միջև հարաբերությունների բնույթը։ Ներքին տարաձայնությունների հաղթահարումը և ինքնավարության ներկայիս կարգավիճակի պաշտպանության շուրջ միասնական օրակարգի ձևավորումը կարող են էական ազդեցություն ունենալ հետագա զարգացումների վրա։

Երբ վտանգվում է քաղաքական համակարգի գոյությունն ու շարունակականությունը, այդ համակարգի շրջանակներում գործող քաղաքական ուժերից մեկի մարտավարական հաղթանակը կարող է կորցնել իր իմաստը՝ ընդհանուր ռազմավարական պարտության պայմաններում։

Վերջին շրջանում քրդական հիմնական քաղաքական ուժերի միջև նկատվող համագործակցության նշանները կարող են վկայել ընդհանուր վտանգների գիտակցման մասին։ Սակայն երկարաժամկետ կայունության համար անհրաժեշտ են ոչ միայն կարճաժամկետ պայմանավորվածություններ, այլև ինքնավարության հիմնարար շահերի շուրջ քաղաքական համաձայնություն։

Ներկայիս կարգավիճակից յուրաքանչյուր էական նահանջ կարող է շղթայական հետևանքներ ունենալ։ Տնտեսական լիազորությունների սահմանափակումը կարող է հանգեցնել քաղաքական ինքնուրույնության նվազման, իսկ քաղաքական ինքնուրույնության նվազումն իր հերթին՝ անվտանգային երաշխիքների թուլացման։

Այս խնդրի մյուս կարևոր բաղադրիչը միջազգային հանրության ներգրավվածությունն է։

Բաղդադի և Էրբիլի միջև տարաձայնությունները բացառապես տնտեսական ռեսուրսների կամ վարչական լիազորությունների համար պայքարի համատեքստում դիտարկելը կարող է հանգեցնել իրավիճակի ոչ ամբողջական ընկալման։

Քրդստանի ինքնավարության պահպանման հարցը միջազգային հանրության կողմից կարող է դիտարկվել նաև որպես ցեղասպանությունների կանխարգելման խնդիր՝ անկախ քրդական անկախ պետության ստեղծման վերաբերյալ քաղաքական դիրքորոշումներից։

Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը և Քրդստանի ինքնավարության շարունակականության ապահովումը միմյանց հակասող քաղաքական նպատակներ չեն։ Ընդհակառակը՝ արդյունավետ դաշնային համակարգը կարող է դառնալ Իրաքի միասնականության և ներքին կայունության երկարաժամկետ երաշխիքներից մեկը։

Այս համատեքստում «Անֆալի» ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կարող է նոր քաղաքական նշանակություն ձեռք բերել։ Ցեղասպանությունների ճանաչումը չպետք է սահմանափակվի միայն պատմական արդարության վերականգնմամբ։ Այն պետք է նաև նպաստի նման հանցագործությունների կրկնությունը կանխող ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծմանն ու պահպանմանը։

Միաժամանակ, ինքնավարության շարունակականության ապահովումը պետք է դիտարկել տարածաշրջանում բնակվող բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ եզդիների, ասորիների և թուրքմենների իրավունքների ու անվտանգության երաշխիքների պաշտպանության համատեքստում։

Ստեղծված իրավիճակում Քրդստանի ինքնավարության ապագայի համար հիմնարար նշանակություն կարող են ունենալ երկու գործոն՝ քրդական քաղաքական ուժերի միասնականությունը և «Անֆալի» ցեղասպանության պատմական փորձի, ինչպես նաև դրա հնարավոր կրկնության վտանգի ընդգրկումը միջազգային օրակարգում։

Այս երկու գործոնները կարող են քաղաքական վահան դառնալ ինքնավարության ներկայիս կարգավիճակի պաշտպանության համար։

Քրդստանի ինքնավարությունը պարզապես բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններում ձևավորված քաղաքական միավոր չէ։ Այն նաև պատմական ողբերգության հետևանքով ստեղծված անվտանգային համակարգ է, որի շարունակականությունը մեծ նշանակություն ունի Իրաքի ներքին կայունության և տարածաշրջանային անվտանգության համար։

Հետևաբար, Քրդստանի ինքնավարության ապագայի հարցը պետք է դիտարկել ոչ միայն ինքնորոշման կամ պետական կառավարման, այլև ցեղասպանությունների կանխարգելման և տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից։

Հ.Գ. Հետաքրքրական է, որ դեռևս այս զարգացումներից առաջ մենք Հայաստանում՝ որպես նախաձեռնող խումբ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի շարք պատգամավորների առջև բարձրացրել էինք «Անֆալ» գործողության շրջանակներում քուրդ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման հարցը։

Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում հայաստանյան այս նախաձեռնությունը կարող է նոր քաղաքական նշանակություն ձեռք բերել և դառնալ խնդիրը միջազգային օրակարգ բերելու առաջին քայլերից մեկը։

Բորիս Մուրազի