Կանադան բնավ մտադիր չէ միջուկային զենք մշակել...

Կանադան չի պլանավորում զբաղվել միջուկային զենքի մշակմամբ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Դևիդ ՄքԳինթին։ Այս մասին հաղորդում է The Globe and Mail թերթը։

«Կանադան բնավ մտադիր չէ միջուկային զենք մշակել», - ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ Կանադան նախկինի նման մնում է այն պետությունը, որը հետևում է միջուկային զենքի չտարածման սկզբունքին։

Փետրվարի 3-ին Կանադայի զինված ուժերի պաշտպանության շտաբի նախկին պետ (2021-2024 թթ.) գեներալ Ուեյն Էյրն Օտտավայում կայացած  անվտանգության խորհրդաժողովում հայտարարել էր, որ Կանադան չպետք է մերժի միջուկային զենքի ստեղծման  գաղափարը՝ հանուն անվտանգության: Նա նշել էր, որ այդ զենքի ստեղծման համար կանադացիներն ունեն բոլոր հնարավորությունները. իրենց երկիրն ունի ատոմակայաններ, այլ անհրաժեշտ քաղաքացիական ենթակառուցվածքներ և գիտնականներ:

Ինչպես նշում է The Globe and Mail-ը, Կանադայի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը «կլինի զգալի աշխարհաքաղաքական տեղաշարժ, որը կխախտի Օտտավայի՝ ավելի քան 50 տարի վարած քաղաքականությունն՝ ուղղված չտարածմանը և միջուկային զինաթափմանը»։ Պարբերականը հիշեցրել է, որ Կանադան միջուկային զենքի չտարածման միջազգային պայմանագիրը ստորագրել է 1968 թվականին և այն վավերացրել 1969 թվականին: