Կանադան 27,6 մլրդ դոլարի պատասխան մաքսատուրքե...

Կանադան պատասխան մաքսատուրքեր է սահմանել 27,6 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Դրանք ուժի մեջ են մտել կեսգիշերից անմիջապես հետո։ 15%-ից մինչև 50% կազմող նոր տուրքերը տարածվում են ԱՄՆ-ից ներմուծվող հարյուրավոր ապրանքատեսակների վրա, հայտնում է CBC հեռուստաալիքը։

Օտտավայի որոշումը պատասխան էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված 50% չափով նոր մաքսատուրքերին, որոնք դրվել էին միլիարդավոր դոլարների կանադական ապրանքների մատակարարումների վրա։ Վաշինգտոնն այդ մասին հայտարարել էր օգոստոսի վերջին կայացած առևտրային բանակցությունների ձախողումից հետո։

Կանադական տուրքերի ազդեցության տակ են հայտնվել պողպատն ու ալյումինը, կահույքը, կենցաղային տեխնիկան, պանիրը, գործիքները, էլեկտրոնիկան և այլ ապրանքներ։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, օգոստոսի 22-ին հայտարարելով սահմանվող քայլերի մասին, նշել է, որ Օտտավան այդ քայլին գնացել է ոչ հոժարակամ, քանի որ հասկանում է, որ նոր մաքսատուրքերը կարող են հանգեցնել գների աճի և կանադացի սպառողների համար ապրանքատեսականու սահմանափակման։

Քարնիի խոսքով՝ ամերիկյան որոշ ընկերություններ և ԱՄՆ առանձին նահանգներ փաստացի հայտնվել են առևտրային հակամարտության «ակամա մասնակիցների» դերում։ Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է, որ պատասխան քայլերը համարում է Կանադայի շահերին համապատասխանող։

Կանադական իշխանությունները հաշվի են առել նաև նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները՝ ակնկալելով, որ պատասխան տուրքերը կարող են մեծացնել ամերիկյան բիզնեսի և քաղաքական գործիչների վրա գործադրվող ճնշումը։