
Կանադայի իշխանությունները, պատասխանելով իրենց երկրում արտադրված պողպատի և ալյումինի նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ մարտի 13-ից նույն չափով մաքսատուրքեր կսահմանեն ամերիկյան մի շարք ապրանքների ներմուծման համար: Այս մասին հայտարարել է Կանադայի ֆինանսների նախարար Դոմինիկ Լեբլանը:
«Կանադայի կառավարությունն այս գիշեր 25 տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի 29.8 միլիարդ կանադական դոլարի (մոտ 20 միլիարդ ԱՄՆ-ի դոլարի) արժողության ամերիկյան ապրանքների ներմուծման համար»,- հայտնել է նա:
Նա նշել է, որ կանադական պատժամիջոցներն առնչվելու են հատկապես ամերիկյան պողպատի և ալյումինի, համակարգիչների, մարզական սարքավորումների և չուգունից մի շարք արտադրատեսակների ներմուծմանը:
Առևտրի հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Պիտեր Նավարոն մարտի 12-ին հայտարարել էր, որ կանադական պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը մինչև 50 տոկոսի հասցնելու ծրագիրը հետաձգվում է: Այսպիսով, նախագահ Թրամփը մաքսատուրքերը վերադարձրել է 25 տոկոսի նիշին: Նա մտադիր էր կանադական մետաղների ներմուծման մաքսատուրքերի կրկնապատկմամբ պատասխանել ԱՄՆ-ից էլեկտրաէներգիայի ներմուծման համար 25% հարկ սահմանելու վերաբերյալ կանադական Օնտարիո նահանգի որոշմանը:
ԱՄՆ-ի առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի հետ զրույցից հետո Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը հայտարարել էր, որ համաձայնել է հետաձգել ամերիկյան էլեկտրաէներգիայի ներմուծման համար 25% հավելավճար սահմանելու մտադրությունը: