Քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել, որը օգոստոսի 23-ին Երեւանի Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ընթերցել է նրա կինը՝ Անահիտ Ադամյանը։
Դրանում, մասնավորապես, նշվում է.
«Անկախության Հռչակագրի ընդունումից 32 տարի անց մենք ունենք անկախ պետություն, բայց, մյուս կողմից, նրա իրական ինքնիշխանությունը սահմանափակ է եւ շարունակում է կրճատվել։
Մի կողմից՝ կարողացանք ազատագրել Արցախը, բայց մյուս կողմից՝ չկարողացանք պահել ու օր օրի կորցնում ենք նրան։
Արտաքինից մեր երկիրը զարգանում է, բայց, մյուս կողմից, բնակչության թիվը կրճատվում է։
Մենք կանգնած ենք ճակատագրական երկընտրանքի առաջ՝ կա՛մ պետք է նոր շունչ ու իմաստ հաղորդել անկախության հայեցակարգին, կա՛մ պետք է հաշտվել այն մռայլ մտքի հետ, որ յուրաքանչյուր հաջորդ տարի մեր ինքնիշխանությունն էլ ավելի է նվազելու։ Մենք կա՛մ պետք է պատրաստ լինենք զոհաբերվելու հանուն պետականության, կա՛մ համակերպվենք այն բանի հետ, որ մեր ազգային առաքելությունն ավարտվել է, եւ նյութական բարեկեցության ակնկալիքով գնանք օտար երկիր։ Ընտրությունը պետք է միասին կատարենք»։



