
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածից հետո Իրանի միջուկային օբյեկտներին «մոնումենտալ» վնաս է հասցվել։
«Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը համարվում է «մոնումենտալ»։ Հարվածները ուժեղ և ճշգրիտ էին։ Մեր զինվորականները մեծ հմտություն ցուցաբերեցին։ Շնորհակալություն», - գրել է ԱՄՆ նախագահը։
Այնուհետև նա հրապարակել է մեկ այլ գրառում, որում ասվում է.«Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին մոնումենտալ վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները: Ավերում բառը ճշգրիտ բնորոշում է: Պատկերված սպիտակ կառույցը խորապես ներկառուցված է ժայռի մեջ, նույնիսկ դրա տանիքը գտնվում է գետնի մակարդակից բավականին ցածր և ամբողջությամբ պաշտպանված է կրակից: Ամենամեծ վնասը տեղի է ունեցել գետնի մակարդակից շատ ցածր: Ահա թե ինչ»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերի լիքը բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա: Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:
«Բոլոր ինքնաթիռները անվտանգ վերադառնում են տուն։ Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի զինվորներին։ Աշխարհում չկա որևէ այլ զինված ուժեր, որը կարող է դա անել», - գրել է նա Truth Social-ում։ Թրամփը հավելել է, որ «հիմա խաղաղության ժամանակն է»։
«Սա պատմական պահ է ԱՄՆ-ի, Իսրայելի և աշխարհի համար. Իրանը հիմա պետք է համաձայնվի ավարտի այա պատերազմը», - գրել է Թրամփը:
Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարված հասցնել, եթե Իրանի հարցը չլուծվի»։
«Կա՛մ խաղաղություն կլինի, կա՛մ Իրանը կբախվի շատ ավելի լուրջ ողբերգության», - նշել է ԱՄՆ նախագահը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դեմ Իրանի ցանկացած պատասխան հանդիպելու է ավելի մեծ ուժի, քան այն ինչ տեղի ունեցավ այսօր: