Կադիրովին շտապ հոսպիտալացրել են՝ Մոսկվայում Պ...

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է. այս մասին «Նովայա գազետա. Եվրոպա»-ին հայտնել է նրա շրջաօատում գտնվող աղբյուրը: Ըստ հրապարակման զրուցակցի՝ Կադիրովը մայրաքաղաք է ժամանել՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ անցկացվող Պետական խորհրդի նիստին մասնակցելու համար: Սակայն նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան ռեանիմոբիլով տեղափոխել են ՌԴ նախագահի գործերի կառավարչության Կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Նման դեպքի համար պահեստային պլան նախատեսված չի եղել, ուստի Պետխորհուրդն անցել է առանց Չեչնիայի Հանրապետության ներկայացուցչի մասնակցության:

«Մոսկվայում նրան հազիվ են ուշքի բերել, որից հետո նա վերադարձել է տուն և այդ ժամանակվանից ի վեր հանրությանը չի երևացել»,- ասել է պարբերականի աղբյուրը: «Նովայա գազետա. Եվրոպա»-ի տվյալներով՝ տարվա սկզբին Կադիրովին արդեն հոսպիտալացրել էին Գրոզնիի «Այմեդի» մասնավոր կլինիկայում, ինչից հետո նրա վիճակը շարունակել է վատթարանալ: Անուղղակիորեն Կադիրովն ընդունել է դա վերջերս կայացած «ուղիղ եթերի» ժամանակ՝ նշելով, որ միայն պաշտոնական արձակուրդ այս տարի մեկնել է չորս անգամ: Նա նաև մեկնաբանել է իր վատառողջ լինելու ակնհայտ նշանները: «Ինձ մոտ լինում են նյարդային հողի վրա առաջացած խանգարումներ: Լարվածության մշտական զգացողություն կա, կարծես հոսանքի տակ նստած լինես»,- ասել է Չեչնիայի ղեկավարը՝ դա բացատրելով Ուկրաինայի պատերազմում չեչեն մարտիկների համար ունեցած ապրումներով։

Միևնույն ժամանակ, տարվա ընթացքում Կադիրովը մի քանի անգամ հերքել է իր հիվանդության մասին լուրերը: Օգոստոսին նա հայտարարել էր, որ «առողջ է» և կարիք չունի ամեն օր խորհրդակցություններ անցկացնելու, «քանի որ աշխատանքը կարգավորված է»: Սեպտեմբերին նա ասել էր, որ ամեն անգամ, երբ իրեն ասում են, թե «առողջության հետ ամեն ինչ կարգին չէ», ինքը 50 անգամ ձգումներ է անում: Մինչ այդ «Նովայա գազետա. Եվրոպա»-ի աղբյուրները նշում էին, որ Կադիրովը կարող է երիկամների հետ կապված խնդիրներ ունենալ: Կա նաև վարկած, որ նա ունի ենթաստամոքսային գեղձի նեկրոզ: Սակայն ստույգ ախտորոշումը ոչ ոք չգիտի, քանի որ այդ տեղեկատվությունը խստիվ թաքցվում է, ընդգծել է չեչենական ընդդիմադիր «Ադաթ» շարժման ղեկավար Իբրահիմ Յանգուլբաևը:

Հուլիսին թուրքական Milliyet պարբերականը հայտնել է, որ Կադիրովը քիչ է մնացել խեղդվեր Թուրքիայի հարավ-արևմուտքում հանգստի ժամանակ և հոսպիտալացվել է առողջական խնդիրների պատճառով: Դեկտեմբերին «Վյորստկա»-ի աղբյուրները հայտնել է, որ Չեչնիայի ղեկավարը չի կարողանում անցկացնել հանրապետության բնակիչների հետ ամենամյա «ուղիղ եթերը» առողջական վիճակի վատթարացման պատճառով: Այնուամենայնիվ, նա արել է դա, բայց քաղաքացիների հետ շփումը ստացվել է ամենակարճը 2019 թվականից ի վեր և տևել է ընդամենը երկու ժամ։