
Իսրայելի կողմից աս-Սուեյդայում և Դամասկոսում սիրիական կառավարական թիրախների վրա հարձակումները միակ միջոցն էին՝ դադարեցնելու Սիրիայի դրուզների «կոտորածը»։ Այս մասին X միկրոբլոգում գրառում է կատարել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Իսրայելի հարձակումները աս-Սուեյդայում և Դամասկոսում ռեժիմի թիրախների վրա Սիրիայի դրուզների՝ Իսրայելում մեր եղբայր դրուզների եղբայրների կոտորածը դադարեցնելու միակ միջոցն էին», - գրել է Կացը։
Կացի խոսքով՝ նրանք, ովքեր քննադատում են հարձակումները, ծանոթ չեն փաստերին։
Նա միջամտությունը մեկնաբանել է որպես ավելի լայն, հստակ սահմանված ռազմավարության մի մաս։
«Կառավարության քաղաքականությունը Սիրիայում, այդ թվում՝ Հերմոն լեռան վրա և անվտանգության գոտում Իսրայելի պաշտպանության բանակի ներկայությունը, ինչպես նաև դրուզների պաշտպանությունը, ճիշտ է և պատասխանատու և արտացոլում է ուժ ու փոխադարձ համերաշխություն», - հավելել է նա։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպության տեղեկացմամբ՝ Սիրիայի հարավում գտնվող աս-Սուեյդայի նահանգում հուլիսի 13-ից ի վեր դրուզների և բեդվինների միջև զինված բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 1120-ի։
Ի պաշտպանություն դրուզների՝ Իսրայելը հարվածներ էր հասցրել ինչպես աս-Սուեյդայի նահանգին, այնպես էլ Դամասկոսում պաշտպանության նախարարության շենքին, և Սիրիայի կառավարական զորքերից պահանջել էր դուրս գալ նահանգից: Միացյալ Նահանգների միջնորդությամբ Սիրիայի և Իսրայելի միջև հաստատված հրադադարից հետո Իսրայելը համաձայնել է թույլ տալ Սիրիայի ներքին անվտանգության ուժերի անձնակազմին մտնել նահանգ՝ իրավիճակը վերահսկելու համար: Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարաան խոստացել է պաշտպանել դրուզների իրավունքները և պատժել բռնության պատասխանատուներին: