Կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա և մեկն...

Ընդհանուր առմամբ, ՀՀ շուրջ իրադրությունը կարծում եմ՝ շարունակում է մնալ բավականին լարված, կայուն լարված, բայց պիտի ասեմ նաև, որ կարծում եմ, նաև ՊՆ-ի հաղորդագրություններից նկատելի է, որ լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ մենք տեսնում ենք, այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք նաև բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր վերլուծությամբ և իմ գնահատմամբ՝ վերջին շրջանի քննարկումները և դիվանագիտական աշխատանքը մեր առաջ գնալու որոշակի տարածք են ստեղծել։ Այս առումով ես ուզում եմ հետևյալ գնահատականը տալ, թե ինչ ուղղություններով կարող է որոշակի տարածք առաջանալ, որպեսզի մենք շարժվենք առաջ: Ըստ էության, խոսքը 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու կոնցեպտի մասին է. կան նախանշաններ, որ այս հենքը և այս մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար»,– ասաց նա։

Վարչապետը նշեց նաև, որ կարծում է, որ կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա և մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ «Իսկ այս երկու ուղղությունները ես համարում եմ անկյունաքարային նշանակություն ունեցող։

Պետք է արձանագրեմ, որ մենք ըստ էության այս փուլում բավարարված ենք միջազգային արձագանքով սեպտեմբերի 13–ին տեղի ունեցած իրադարձություններին, և մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, որ միջազգային աշխատանքը լինի հետևողական, բայց պարզ է, որ ամբողջ միջազգային հանրությունը հասցեական գնահատական և հասցեական մոտավոր ճանապարհային քարտեզի պատկերացում է  տալիս, թե ինչպես պետք է լուծենք այս խնդիրը, ինչպես հաղթահարենք»,– ասաց նա։