Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նոր պաշտոն կստանա և կնշանակվի ԱՄՆ նախագահի օգնական: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները։
Քիրբին նշանակվելու է Սպիտակ տան Ազգային անվտանգության ոլորտում հաղորդակցությունների գծով խորհրդական և ստանալու է ենթակաների իր հաստիքը, որոնք վերահսկելու են ամերիկյան տարբեր գերատեսչությունների միջև տեղեկատվության փոխանակումը: Բացի այդ, Քիրբին օգնականի տեղակալից կտեղափոխվի ԱՄՆ նախագահի օգնական։ Գործակալությունն ընդգծում է, որ չնայած նոր պաշտոնին՝ Քիրբին կշարունակի ելույթ ունենալ Սպիտակ տանը՝ լրագրողների համար պարբերական ճեպազրույցներում: