Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկա...

Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը գրում է. 

«Կեսգիշերին թշնամու հարձակումից անմիջապես հետո Ջերմուկում  ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել`  միանալ դիրքերում կանգնած մեր զինվորներին: 

Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում  բոլորս պատրաստ ենք  պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար:

Կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ, հետևել համայնքապետարանի և ՊՆ ցուցումներին»։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կա հաստատված 49 զոհ։ 

Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար: