«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այ...

Ջերմ ողջույններ Սյունիքից, որտեղ դեսպան Էվա Սունդքուիսթը ԵՄ-ի իր գործընկեր դեսպանների հետ այցելում է Հայաստանի ամենահարավային մարզ՝ ծանոթանալու այնպիսի ծրագրերի, որոնք նոր հնարավորություններ և հեռանկարներ են ստեղծում սահմանամերձ համայնքների բնակիչների համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում Շվեցիայի դեսպանությունը, որը նաև լուսանկար է հրապարակել։

«Հաճելի է անձամբ տեսնել, թե ինչպես են համագործակցությունն ու ներդրումները նպաստում մարզի և դրա համայնքների զարգացմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հրապարակում է արել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը՝ նշելով. «Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից, որտեղ ծովի մակարդակից 2350 մ բարձրության վրա արևային եղանակ և 18 աստիճան տաքություն է»:

Նշենք, որ սեպտեմբերի 22-ին «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» գործընկերներն այցելել էին Եվրոպական Միության, Ֆրանսիայի և Նիդերլանդների աջակցությամբ իրականացվող ծրագրեր՝ Սպանդարյանի ջրանցք, Տաթևի Մեծ Անապատ պատմական հուշարձան, Արծվանիկի «Արծվաբույն» տարեցների տուն, ինչպես նաև Թումո Կապանում միացան երիտասարդներին՝ ծանոթանալու Գրինոպոլի խաղին, որը նպաստում է բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։