Նորածին Հիսուսի եւ երկու մայրերի պատկերող նույնասեռական եկեղեցական «մսուրը» խիստ զայրացրել է պահպանողական կաթոլիկներին եւ քաղաքական գործիչներին Իտալիայում, որոնք տեսարանն անվանել են «վտանգավոր, ինչպես նաեւ ամոթալի եւ սրբապիղծ»։
Սուրբ Պետրոսի եւ Պողոսի եկեղեցու (գտնվում է Ավելինո նահանգի Կապոլաստելո դի Մերկոլյանո գյուղակում, Նեապոլից դեպի արեւելք) քահանան հանդես է եկել Հիսուսի ծննդյան ինքնատիպ պատկերի աջակցությամբ, պատկերում չկան ավանդական Մարիամի եւ Հովսեփի կերպարները։ «Այս տեսարանով ես ցանկացել եմ ցույց տալ, որ ընտանիքներն այլեւս ավանդական չեն»,- Reuters-ին ասել է հայր Վիտալիանո Դելա Սալան։
«Մեր թեմերում մենք տեսնում ենք ավելի ու ավելի շատ երեխաներ նոր տեսակի ընտանիքներից, որոնք գոյություն ունեն եւ մեր հասարակության մի մասն են, բաժանված եւ ամուսնալուծված մարդկանց, նույնասեռական զույգերի, միայնակ մայրերի երեխաներ»։
Հայր Դելա Սալան, որն Իտալիայում հայտնի է ԼԳԲՏ-ի եւ ձախ շարժումների հանդեպ իր համակրանքով, ասում է, որ իր դիրքորոշումը համապատասխանում է Ֆրանցիսկոս պապի դիրքորոշմանը, որն այս շաբաթ իր հանրահայտ որոշմամբ թույլ է տվել հոգեւորականներին օրհնել նույնասեռական զույգերին։
Սակայն սենատոր Մաուրիցիո Գասպարին կառավարող «Առաջ, Իտալիա, կուսակցությունից հայտնել է, որ ԼԳԲՏ-ի «ստեղծագործությունը» «վիրավորում է բոլոր նրանց, ովքեր միշտ հարգել եւ հավատարիմ են եղել Սուրբ Ընտանիքին»։
Pro-Vita-ն, որը օնլայն-խնդրագիր է թողարկել՝ Ավելինոյի եպիսկոպոսի միջամտության կոչով, հայտնել է, որ պատկերը հակասում է ընտանիքի մասին եկեղեցու ուսմունքին եւ օրինականացնում է երեխաների նույնասեռական դաստիարակությունը եւ սուռոգատ մայրությունը։ Ներկա պահին խնդրագիրն ստորագրել է ավելի քան 21 000 մարդ։
Երեխաների ծնունդը սուռոգատ մայրերի միջոցով արգելված է Իտալիայում, եւ խորհրդարանը քննարկում է կառավարության առաջարկած օրենքը, որը քրեականացնելու է այն զույգերին, որոնք դիմելու են այդ գործելակերպին՝ արտասահման մեկնելով։