Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հաստատել է, որ Իտալիան մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակներում: Այս մասին ասվում է Իտալիայի կառավարության հայտարարության մեջ։
«Հաստատելով Իտալիայի աջակցությունն Ուկրաինայի անվտանգությանը, ինչպես միշտ եղել է, Մելոնին վերահաստատել է Իտալիայի կառավարության դիրքորոշման մի քանի հիմնարար սկզբունքները երաշխիքների հարցում, մասնավորապես, տեղում իտալական զորքերի տեղակայման բացառումը», - ասվում է հայտարարության մեջ։
Հունվարի 6-ին Փարիզում տեղի է ունեցել Ուկրաինայի դաշնակիցների՝ «Կամեցողների կոալիցիայի» բարձր մակարդակով հանդիպում, որի ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները։
Հանդիպման արդյունքների շուրջ համաձայնեցված փաստաթղթից հետևում է, որ «Կամեցողների կոալիցիան» համաձայնության է եկել Ուկրաինային երկարաժամկետ ռազմական աջակցությունը շարունակելու հարցում։
Stampa հրատարակությունը, հղում անելով Մելոնիին մոտ կանգնած աղբյուրների, գրում է, որ Իտալիան կարող է աջակցել նման նախաձեռնությանը միայն այն դեպքում, եթե ՄԱԿ-ի հովանու ներքո զինվորականներ ուղարկվեն Ուկրաինա։
ՌԴ արտգործնախարարությունում ավելի վաղ հայտարարել են, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զորքերի տեղակայման ցանկացած սցենար կտրականապես անընդունելի է Ռուսաստանի համար, կարող է կտրուկ սրել իրավիճակը:



