
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հուլիսի 16-ի առավոտյան կոչ է արել սիրիական իշխանություններին դուրս բերել ուժերն աս-Սուեյդայի շրջանից և դադարեցնել տարածքում դրուզների դեմ գործողությունները: Այս մասին հայտնում է Israel National News-ը։
Կացը նշել է, որ Իսրայելը չի լքի դրուզներին։
«Մենք չենք լքի դրուզներին Սիրիայում և կկիրառենք մեր կողմից որոշված ապառազմականացման քաղաքականությունը», - նշել է նա։
Նա նաև ավելացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) կշարունակի հարձակվել սիրիական ուժերի վրա մինչև նրանց դուրս գալը տարածքից, և զգուշացրել է, որ պատասխանների ինտենսիվությունը շուտով կաճի, եթե ուղերձը տեղ չհասնի։
Իսրայելի բանակի ռադիոն հաղորդել է, որ ԻՊԲ-ն երկու լրացուցիչ գումարտակ է տեղակայել Իսրայել-Սիրիա սահմանին։
Al Jazeera-ի թղթակիցը հայտնել է, որ առավոտյան աս-Սուեյդա քաղաքի թաղամասերում վերսկսվել են սիրիական անվտանգության ուժերի և զինված խմբավորումների միջև բախումները։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հաջողվել է աս-Սուեյդա քաղաքի կենտրոնից վտարել ապօրինի զինված խմբավորումներին։
Ավելի վաղ աս-Սուեյդա քաղաքում դրուզների և բեդվին ցեղերի միջև բախումներ էին տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 30 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։ Բռնությունը հանգեցրել է Սիրիայի կառավարության միջամտությանը, որը բախումների ժամանակ կորցրել է 18 զինվորի։
Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ուժերը մտել են աս-Սուեյդա քաղաք՝ փորձելով վերահսկողություն հաստատել խնդրահարույց թաղամասերի նկատմամբ՝ անվտանգությունը պահպանելու և կայունությունը վերականգնելու համար։