
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ մայիսի 22-ի լուսաբացից ի վեր Իսրայելի կողմից Գազա քաղաքի և անկլավի կենտրոնական հատվածների վրա իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է 28 պաղեստինցի։ Այսպիսով, վերջին մեկ օրվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 100-ը։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ իսրայելական հարվածներից հրդեհ է բռնկվել անկլավի հյուսիսում գտնվող Թել ալ-Զաաթար շրջանի ալ-Աուդա հիվանդանոցի դեղորայքի պահեստում։
Իսրայելական ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել Խան Յունիսի տարբեր շրջանների վրա։
Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 655 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 121 950-ը:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։