Իսրայելը մտադիր է կարգուկանոն հաստատել երկրի...

Իսրայելը մտադիր է կարգուկանոն հաստատել երկրի հարավում գտնվող Նեգև անապատում և կտրուկ արագացնել այնտեղ բնակեցման տեմպը։ Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան Նեգև կատարած աշխատանքային այցի ժամանակ։ Այցը տեղի է ունեցել հրեական բնակչության և անապատում ապրող բեդվինների միջև լարվածության աճի ֆոնին։

«Նեգևը վերահսկողությունից դուրս է։ Մենք կզսպենք այն, և Իսրայելի ոստիկանության կողմից արդեն սկսվել է կարևոր գործողություն՝ այլ ուժերի հետ համատեղ»,- Times of Israel-ի փոխանցմամբ, ասել է Նեթանյահուն։

Նա Նեգևի շրջան է այցելել կառավարության մի քանի անդամների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Իսրայել Կացի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի ուղեկցությամբ։

Նեթանյահուն խոստացել է «վերադարձնել Նեգևը Իսրայելի պետությանը»՝ առաջ մղելով բնակեցումը այնպիսի մասշտաբով, որը երբևէ չի եղել։

Նեգևը զբաղեցնում է Իսրայելի տարածքի կեսից ավելին: Անապատը սահմանակից է Եգիպտոսին, և այնտեղ պարբերաբար գրանցվում են զենքի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով Գազայի հատված մաքսանենգության փորձեր: Այս անապատային շրջանի բնակչության մոտ 25%-ը (մոտավորապես 300000 մարդ) բեդվիններ են՝ կիսաքոչվոր արաբական ցեղեր: Նրանցից շատերը բնակվում են Իսրայելի պետության կողմից պաշտոնապես չգրանցված կամ չճանաչված բնակավայրերում, ինչը շրջանում անկարգությունների հիմնական գործոններից մեկն է։

2025 թվականի դեկտեմբերին Տարաբին բեդվինական գյուղը դարձել է բախումների կենտրոն։ Գյուղի բնակիչները բախվել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարող ոստիկանների հետ։ Անկարգությունները տարածվել են նաև մոտակա հրեական գյուղերում։ Ի պատասխան՝ Իսրայելի իշխանությունները դեկտեմբերի վերջին Տարաբինում սկսեցին լայնածավալ ոստիկանական գործողություն՝ գործնականում շրջափակելով գյուղը։ Հունվարի 6-ին տեղի բնակիչները բողոք են ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան իշխանությունների գործողությունների դեմ՝ պահանջելով վերացնել շրջափակումը։