Իսրայելը Լիբանանի հարավում մեքենա է թիրախավոր...

Լիբանանի հարավում՝ Նաբատիա շրջանի Քֆար Դաջջալ գյուղաքաղաքում, հունիսի 24-ին իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է մի մեքենայի, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Լիբանանի ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը երկու հրթիռով թիրախավորել է մեքենան՝ հանգեցնելով պայթյունի և մարդկային զոհերի։ Հրշեջներն ու շտապօգնության աշխատակիցները շտապել են դեպքի վայր։

Գործակալությունը նշել է, որ առավոտից իսրայելական անօդաչու թռչող սարքերը թռչում են Նաբատիա շրջանի վրայով։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Լիբանանի և Իսրայելի միջև նոյեմբերի 27-ին հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելը կատարել է մոտ 3000 խախտում, որի հետևանքով զոհվել է առնվազն 209 մարդ, վիրավորվել՝ 504-ը։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թվականի սեպտեմբերի 23-ին վերածվել էր լայնածավալ պատերազմի։ Պատերազմի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000 և վիրավորվել՝ մոտ 17 000 մարդ։ Բացի այդ, մոտ 1,4 միլիոն մարդ տեղահանվել էր։