
Իսրայելը մեկնարկել է «Սև դրոշ» գործողությունը, որի շրջանակներում ռազմաօդային ուժերը հարձակում են գործել Եմենի երեք նավահանգիստների, ինչպես նաև «Galaxy Leader» բեռնատար նավի վրա, որն «Անսար Ալլահ» շարժման հութիները գրավել էին 2023 թվականին։ Այս մասին X-ում գրառման մեջ նշել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
««Սև դրոշ» գործողության շրջանակներում Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվորեն հարձակվել է Հոդեյդայի, աս-Սալիֆի և Ռաս Իսայի նավահանգիստներում գտնվող հութիների ահաբեկչական ռեժիմի թիրախների, Ռաս ալ-Քաթիբի էլեկտրակայանի և մոտ երկու տարի առաջ հութիների կողմից առևանգված «Galaxy Leader» նավի վրա, որն այժմ օգտագործվում է Կարմիր ծովում ահաբեկչական գործողությունների համար», - նշել է նա գրառման մեջ։
Կացը համեմատել է ստեղծված իրավիճակն Իսրայելի կողմից Իրանին վերջերս հասցրած հարվածների հետ։
«Ինչպես ես զգուշացրել էի, Եմենի ճակատագիրը նույնն է, ինչ Թեհրանինը։ Յուրաքանչյուր ոք, ով կփորձի վնասել Իսրայելին, կվնասվի.... Հութիները կշարունակեն ծանր գին վճարել իրենց գործողությունների համար»,- հավելել է նա։
Իր հերթին, Եմենի հութիների զինված ուժերի խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը հետ են մղել Հոդեյդայի վրա իսրայելական հարվածների մեծ մասը։
«Եմենի ՀՕՊ-ն արդյունավետ կերպով դիմակայել է Իսրայելի ագրեսիային և ստիպել է նրա կազմավորումների մեծ մասին նահանջել», - նշել է նա X միկրոբլոգում արված գրառման մեջ։
Նա պարզաբանել է, որ դիմակայությունը իրականացվել է «տեղական արտադրության հրթիռների մեծ խմբաքանակով, ինչը մեծ շփոթություն է առաջացրել թշնամու օդաչուների շրջանում»։
Սարին նաև նշել է, որ «Եմենի ՀՕՊ-ը պատրաստ է և պատրաստված է դիմակայել երկրի վրա (իսրայելական) հարձակումներին ամբողջ ուժով և հզորությամբ»։
Նա հավելել է, որ «Գազայի հատվածին և Պաղեստինին աջակցության գործողությունները կշարունակվեն մեծ տեմպերով»։
Al Masirah հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իսրայելական օդուժն ավելի քան 20 հարված է հասցրել Եմենի Հոդեյդա քաղաք ուղղությամբ։ Հեռուստաալիքը հաստատել է, որ հարձակման են ենթարկվել Ռաս Իսայի, Հոդեյդայի և աս-Սալիֆի նավահանգիստները, ինչպես նաև Ռաս ալ-Քաթիբի էլեկտրակայանը:
Հուլիսի 6-ի երեկոյան Իսրայելի բանակը կոչ էր արել տարհանել մարդկանց նշված հատվածներից։