Գազա քաղաքից Իսրայելի ուղղությամբ արկ է արձակվել, սակայն արձակումը չի հաջողվել։ Իսրայելը պատասխանել է այս արձակմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։
Հաղորդագրության համաձայն՝ արձանագրվել է Գազա քաղաքի տարածքից Իսրայելի ուղղությամբ արկի արձակում․ այն ընկել է Գազայի հատվածի տարածքում՝ հիվանդանոցի մոտ։
«Քիչ անց Իսրայելի պաշտպանության բանակը ճշգրտորեն հարվածել է արձակման կետին։ ԻՊԲ-ն խստորեն դատապարտում է բանակի և Իսրայելի Պետության դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու ցանկացած փորձ», - նշվում է հայտարարության մեջ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելի զինվորական պաշտոնյան, որի անունը չի նշվում, հունվարի 8-ին հայտարարել է, որ թիրախային հարված է հասցվել Գազա քաղաքի մոտակայքում գտնվող հրթիռային արձակման կայանին՝ Գազայի հատվածից արկի անհաջող արձակումից հետո։
Բանակը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է վերջին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրադադարը խախտելու համար:
Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ Իսրայելը սպասում է վերջին պատանդի մասունքների հանձնմանը, ինչպես նախատեսված է հրադադարի ներկայիս փուլով: Նա հայտարարել է, որ Իսրայելը չի անցնի հրադադարի հաջորդ փուլին, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի վերադարձրել Գազայում դեռևս պահվող վերջին իսրայելցի պատանդի մասունքները։
Իսրայելը դեռևս չի բացել Գազայի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահ անցակետը, ինչն ԱՄՆ-ի կողմից աջակցվող ծրագրի մեկ այլ պայման է, և նշել է, որ դա կանի միայն պատանդի մասունքների վերադարձից հետո։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Գազայի առողջապահական աղբյուրները տեղեկացրել են, որ իսրայելական կրակոցների հետևանքով Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայի շրջանում երեխա է զոհվել։
Բացի այդ, Գազայի հատվածի Դեյր ալ-Բալահի շրջանը և ալ-Բուրեյջ փախստականների ճամբարը նույնպես հունվարի 8-ի առավոտից ենթարկվել են ծանր հրետանային կրակոցների։
Պաղեստինյան լրատվամիջոցների տվյալներով՝ հունվարի 7-ին Իսրայելը հարվածել է Գազա քաղաքի Թուֆֆահ թաղամասում գտնվող տանը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը շարունակում են միմյանց մեղադրել համաձայնագրի լուրջ խախտումների համար։
ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է զինաթափվել և վերականգնել է իր վերահսկողությունը, քանի որ իսրայելական զորքերը շարունակում են մնալ տարածքի մոտ կեսում։ Իսրայելը հայտարարել է, որ կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ը խաղաղ ճանապարհով չզինաթափվի։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև սկսված պատերազմի հետևանքով Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 71 000 պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 171 000-ը։ Քաղաքացիական ենթակառուցվածքների 90%-ն ավերվել ու վնասվել են, իսկ վերականգնման ծախսերը ՄԱԿ-ի կողմից գնահատվել են մոտ 70 միլիարդ դոլար։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։



