Իսրայելը հարված է հասցրել Գազայում գտնվող «ՀԱ...

Իսրայելի կործանիչները հարված են հասցրել Գազայի հատվածում տեղակայված ռազմաբազային, որն օգտագործվում էր ՀԱՄԱՍ շարժման անդամների կողմից: Այս մասին իր Twitter-ի էջում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ նշելով, որ մինչ այդ Գազայի կողմից դյուրավառ նյութերով փուչիկներ են արձակվել Իսրայելի տարածք:

Իսրայելական կողմը նաև հաղորդում է, որ բազան գտնվել է Գազայում քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ դպրոցի կողքին:

«Մենք կշարունակենք արձագանքել Գազայի կողմից ահաբեկչության ցանկացած փորձի», – նշված է գրառման մեջ:

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ նախօրեին Գազայի հետ սահմանին գտնվող Էշկոլ շրջանում մարվել է երեք հրդեհ, որոնք բռնկվել էին Գազայից արձակված փուչիկների պատճառով: