
Իսրայելը հաստատել է, որ համաձայնել է Իրանի հետ երկկողմանի հրադադար հաստատելու ԱՄՆ առաջարկին, բայց «խիստ կարձագանքի» հրադադարի ցանկացած խախտման։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունը:
Ըստ հայտարարության՝ Իսրայելի վարչապետը հանդիպել է կաբինետի անդամների, պաշտպանության նախարարի, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետի և «Մոսադ»-ի ղեկավարի հետ՝ «տեղեկացնելու, որ Իսրայելը հասել է «Արթնացող առյուծ» գործողության բոլոր նպատակներին և շատ ավելիին»։
«Իսրայելը վերացրել է անմիջական էքսիզտենցիալ կրկնակի սպառնալիքը՝ թե՛ միջուկային, թե՛ բալիստիկ հրթիռների ոլորտներում», - ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ «ԻՊԲ-ն լիարժեք օդային վերահսկողություն է հաստատել Թեհրանի երկնքի նկատմամբ, լուրջ վնաս է հասցրել ռազմական ղեկավարությանը և ոչնչացրել Իրանի կառավարության տասնյակ առանցքային թիրախներ»։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ սպանվել է միջուկային ոլորտի ևս մեկ ավագ գիտնական։
«Նույնիսկ անցած օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը լուրջ հարվածներ է հասցրել Թեհրանի սրտում գտնվող ռեժիմի թիրախներին, վերացրել է «Բասիջ»-ի՝ ռեժիմի ճնշման ապարատի հարյուրավոր գործակալների և սպանել է միջուկային ոլորտի ևս մեկ ավագ գիտնականի», - ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Միացյալ Նահանգներին «պաշտպանությանը ցուցաբերած աջակցության և իրանական միջուկային սպառնալիքի վերացմանը մասնակցության համար»։
«Գործողության նպատակների իրականացման լույսի ներքո և նախագահ Թրամփի հետ լիովին համաձայնեցված՝ Իսրայելը համաձայնել է երկկողմանի հրադադարի նախագահի առաջարկին», - ասվում է վարչապետի հայտարարության մեջ:
Իսրայելի վարչապետի հայտարարության մեջ ընդգծվում է, որ երկիրը «խիստ կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ հրադադարը ուժի մեջ է մտել, և կողմերին կոչ էր արել պահպանել այն: