Իսրայելը և ԱՄՆ-ը միասնական են Գազայի հատվածու...

Իսրայելը և ԱՄՆ-ը միասնական են Գազայի հատվածում հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի առաջարկած պլանն իրականացնելու մտադրության հարցում, կողմերի միջև հիմնական հարցերում տարաձայնություններ չկան։ Այդ մասին հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ ամերիկյան պատվիրակության բանակցությունների արդյունքները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ մի տարաձայնություն չկա Թրամփի պլանի շուրջ, որը ենթադրում է ՀԱՄԱՍ-ի զինաթափում և երաշխիքներ առ այն, որ կազմակերպությունը Գազայում որևէ ապագա չի ունենալու։ Դա է ամբողջ էությունը», - գրել է Հաքաբին:

Նա նաև նշել է, որ Նեթանյահուի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հանդիպումից հետո լրատվամիջոցներում հրապարակվել է մի շարք նյութեր, որոնցում, հղում անելով աղբյուրներին, հաղորդվում է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև տարաձայնությունների մասին։ Դեսպանն ընդգծել է, որ այդ նյութերում պարունակվող պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

«Քանի որ ես բանակցություններին մի քանի ժամ եմ անցկացրել, կարող եմ հայտարարել, որ այդ հրապարակումներից մի քանիսը պարզապես կեղծ են։ Լրագրողական նյութերի մեծ մասը հորինված է զրոյից», - հավելել է Հաքաբին։

Ավելի վաղ Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Նեթանյահուի և Քուշների միջև չորսժամյա բանակցությունները բացահայտել են ամերիկա-իսրայելական պահպանվող տարաձայնությունները և ցույց տվել, թե որքան բարդ է լինելու Գազայի հարցում կարգավորման գործում առաջընթացի հասնելը մոտ ապագայում: